Արցախում բոլորս միակարծիք ենք և անընդունելի ենք համարում Հայաստանի հետ կապի որևէ սահմանափակում. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը RTVI-ին (տեսանյութ)

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը գտնվում է Ստեփանակերտում, հարցազրույց է տվել RTVI միջազգային հեռուստաընկերության «Новые итоги» ծրագրին՝ ներկայացնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Ստորև ներկայացվում է հարցազրույցը՝ հայերեն թարգմանությամբ։

 

-Պարոն Վարդանյան, կարո՞ղ եք հաստատել Լաչինի միջանցքի բացումը։ Եթե այո, ապա ի՞նչ է սա փոխում Ստեփանակերտի համար՝ հաշվի առնելով այնտեղ տեղադրված ադրբեջանական անցակետը։

 

-Չեմ կարող հաստատել։ Ավելին՝ ստացվել են նոր տեղեկություններ, որ «էկոակտիվիստների» ներկայության փոխարեն այնտեղ բացվելու են ոստիկանական անցակետեր և այլ ուժային մարմինների ներկայացուցչություններ։ Ուստի՝ ոչ։ Լաչինի միջանցքի բացման մասին տեղեկությունը չի հաստատվում, դա այդպես չէ։

 

-Այսինքն, շրջափակումը չի՞ դադարեցվել և շարունակվում է։

-Շրջափակումը շարունակվում է տարբեր ձևաչափերով, անընդհատ տարբեր տեսակի սահմանափակումներ են մտցվում՝ մարդկանց ազատ տեղաշարժը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ թույլ չտալու նպատակով։ Այո, ցավոք, այս ամենը դեռ շարունակվում է։

-Հայաստանում հայտարարվում է, որ Ադրբեջանն իր գործողություններով փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ՝ ստիպելով մարդկանց լքել հայրենի հողը, հարազատ բնակավայրերը։ Արդյո՞ք արցախցիների շարքում կան մարդիկ, որոնք մտածում են Արցախից հեռանալու մասին կամ արդեն լքել են Արցախը: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս կարելի է դա անել:

- Շրջափակման պայմաններում դա անհնար է։ Այդ պատճառով մարդիկ, իհարկե, մեծ անհանգստություն ունեն սեփական ապագայի վերաբերյալ, քանի որ Ադրբեջանի նախագահը կոշտ հայտարարեց՝ կամ դուք ենթարկվում եք մեր օրենքներին, կամ լքում եք ձեր հայրենիքը, որտեղ ապրել եք հազարավոր տարիներ, այս հողը մերն է։ Նման ագրեսիվ հռետորաբանությունը մարդկանց մոտ անհանգստություն է առաջացնում, բայց միևնույն ժամանակ շատերի արձագանքը ճիշտ հակառակն է։ Նրանք հայտարարում են, որ չնայած հնչող սպառնալիքներին, ոչ մի դեպքում չեն լքի սեփական հողը։

-Ձեր տելեգրամյան ալիքում գրել էիք, որ մի շարք հանդիպումներ եք ունեցել (այդ թվում՝ արցախցիների հետ), որոնց արդյունքում ձևակերպել եք այս ճգնաժամից դուրս գալու կոնկրետ քայլեր և պահանջներ Արցախի և Հայաստանի ղեկավարությանը, ինչպես նաև Ռուսական խաղաղապահ զորակազմին և միջազգային հանրությունը։ Ո՞րն է ձեր ծրագիրը։

- Գիտեք, խնդիրները շատ են թե՛ Արցախի ներսում, թե՛ դրսում։ Կարևորն այն է, որ բոլորս միակարծիք ենք և անընդունելի ենք համարում արցախահայության՝ դեպի Հայաստան և Հայաստանից Արցախ տեղաշարժի որևէ սահմանափակում։ Այսօր Արցախում մարդիկ, տարբեր խմբեր տարբեր գործողությունների իրականցման հնարավորություններ են քննարկում՝ սկսած խաղաղ ակցիաներից, ինչպես դա արեց Հնդկաստանում Մահաթմա Գանդին, և վերջացրած ճանապարհի արգելափակմամբ ու չօգտագործմամբ։ Հիմնական ուղերձը միջազգային հանրությանն ու ռուս խաղաղապահներին այն է, որ սեփական երկրում ապրող մարդիկ չեն ենթարկվի հարևան երկրի սահմանած կանոններին։ Սա պետք է գիտակցել և հասկանալ։ Մարդիկ պատրաստ են գնալ մինչև վերջ, քանի որ հասկանում են, որ սա, ըստ էության, այն կարմիր գիծն է, որի պահպանումով է կասեցվելու Արցախի ադրբեջանական օկուպացիան։

-Հիմա քննարկվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին խոսքերը՝ 1991 թ. սահմաններով, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հնարավորության մասին։ Ինչպիսի՞ն է Ձեր վերաբարմունքը իրադարձությունների նման զարգացման նկատմամբ։ Որքանո՞վ է այն հնարավոր, և արդյոք նման սցենարը կարող է ընդունվեկ, այդ թվում՝ չճանաչված հանրապետության և Հայաստանի քաղաքացիների կողմից։

- 1991 թվականին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չէր։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն արդեն հանրաքվե էր անցկացրել և դուրս եկել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից։ Հետևաբար, մենք կարող ենք անվերջ վիճել տարբեր իրավագիտական ձևակերպումների շուրջ, բայց հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք 1988 թվականին սկսեցին Հայաստանին միանալու և ԼՂԻՄ-ի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու շարժումը, առ այսօր շարունակում են իրենց պայքարը և համարում են, որ ոչինչ չի փոխվել։ Եվ չնայած այս տարիների ընթացքում հանդիպած տարատեսակ խոչընդոտներին՝ ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, իրավունք ունի որոշելու սեփական ապագան։ Այս իմաստով բոլոր իրականացված գործողությունները՝ հանրաքվեն, բարձրագույն խորհուրդների որոշումները իրավական առումով հիմնավոր են, բացարձակապես լեգիտիմ իրավունք են մեզ տալիս որոշելու սեփական ապագան:

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.