Կառավարությունը հաստատեց Երևանում իրականացվող մեծածավալ աշխատանքներին աջակցման փաթեթը

Քաղաքային նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացմամբ պայմանավորված՝ կառավարությունը մոտ 10 մլրդ դրամ կհատկացնի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Կառավարությունը հաստատեց Երևանում իրականացվող մեծածավալ աշխատանքներին աջակցման փաթեթը, որը ներառում է կոմունալ ենթակառուցվածքների, մանկապարտեզների և այգիների հիմնանորոգման աշխատանքներ, ճանապարհաշինարարություն, նոր վերելակների ձեռքբերում, մի շարք պոլիկլինիկաների նորոգման աշխատանքներ։ 

 

«2019, 2020 թվականներից սկսած Երևանի մեր գործընկերները բարձրացնում էին այն հարցը,  որ  Երևան քաղաքը սուբվենցիոն ծրագրերից չի օգտվում, մենք  շատ դեպքերում նաև պետական ուղիղ ֆինանսավորմամբ չենք իրականացնում ներդրումներ: Քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ այս պարագայում տեսնենք, թե ինչ կարևոր ծրագրեր կան, որոնք նաև մեր քաղաքական հանձնառությունն են, փորձենք դրանք հերթով իրականացնել: Եվ ահա շուրջ մեկ տարի քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, թե որ ծրագրերը պիտի իրականացվեն»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, արունակվում են հանրապետության ճանապարհների վիճակի բարելավման աշխատանքները։

 

Նախատեսվում է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շահագործման ոչ պիտանի վերելակները փոխարինել 473 նոր վերելակներով,  կառուցել Նորք-Մարաշ վարչական շրջանի Գրիգոր Հովսեփյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհ, որի երկարությունը կկազմի շուրջ 1381 մ: Երևան քաղաքում փողոցների միջին նորոգման աշխատանքներ են  իրականացվելու Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում:

Մեկ այլ որոշմամբ  էլ Աջափնյակ վարչական շրջանի վթարային շենքերի տեղը նոր բազմաբնակարաններ կկառուցվեն 4-րդ աստիճանի վթարային և շենքի բնակիչների անվտանգության ապահովման խնդիրները լուծելու համար անհրաժեշտություն է առաջանում քանդել վթարային շենքը՝ արդյունքում տեղում նոր կառուցվող շենքերից բնակարանների հատկացում կատարելով բնակիչներին:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է որոշմանը և նշել, որ երկար քննարկումների արդյունքում այս երկու շենքերի համար ստեղծել են մի համակարգային լուծում, որը կարող է հիմք հանդիսանալ բոլոր մնացած ծրագրերի համար՝ 4-րդ կարգի վթարային շենքերի և հետագայում նաև 3-րդ կարգի վթարային շենքերի համար: «Այստեղ կարևորագույն կետն այն է, որ Երևան քաղաքը դառնում է միջնորդ կառուցապատողի և բնակչի միջև և կարծում եմ որ հաջողությամբ այս ծրագիրն իրականացնելու ենք»,-ասել է փոխքաղաքապետը:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ծրագրի հաջողությամբ իրականացումը, որի  օրինակը կարող է նպաստել  վթարային մնացած շենքերի խնդրի շղթակայան լուծմանը: «Նաև այս մեխանիզմով մենք կարող ենք մեր բնակֆոնդի թարմացման հարցը լուծել, որովհետև դժբախտաբար այդտեղ էլ ունենք շատ խորը և արմատական պրոբլեմներ: Մենք այդ պրոբլեմները վերջերս քննարկել են, այդ թվում Անվտանգության խորհրդի նիստում: Եկել ենք այն եզրակացության, որ մենք մեր բնակֆոնդը, ըստ էության, առաջիկա 20-25 տարվա ընթացքում ամբողջությամբ պետք է թարմացնենք: Սա ազգային անվտանգության խնդիր է, որը մենք անպայման պետք է լուծենք, և դրա համար պետք է մեխանիզմներ գտնել: Իհարկե, դա միակ մոդելը չի լինի, որովհետև հիմա կան կառուցապատողներ, որոնք այդ խնդիրը լուծում են»,-ասել է վարչապետը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է 480 մլն դրամ հատկացնել «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառման իրականացմանը:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.