Իրանն Ադրբեջանից բացատրություն է պահանջել «Իսրայելի հետ Թեհրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու» հայտարարության առնչությամբ

Իրանի արտգործնախարարության խոսնակը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին բացատրություն տալ վերջին հակաիրանական և «Թեհրանի դեմ Իսրայելի հետ միասնական ճակատ ստեղծելու» մասին հայտարարությունների վերաբերյալ։

Ինչպես գրում է mehrnews.com-ը, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Կանանին ուրբաթ արձագանքել է Իսրայելի արտգործնախարարի հայտարարություններին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ «Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու» շուրջ համաձայնության գալու վերաբերյալ։

Կանանին նման քայլը որակել է որպես ևս մեկ ապացույց առ այն, որ սիոնիստական ռեժիմը չարամիտ մտադրություններ ունի Ադրբեջանի հողն Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության համար սպառնալիքի վերածելու վերաբերյալ: Իրանի ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է սա:

ԱԳՆ խոսնակը նաև ասել է, որ Թեհրանն ակնկալում է, որ Ադրբեջանի կառավարությունը կխուսափի Իրանի և Ադրբեջանի երկու ժողովուրդների թշնամիների թակարդն ընկնելուց։ Ընդգծելով Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև ամուր պատմական և կրոնական կապերը՝ նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ փորձել է տապալել չարակամների ջանքերը, որոնք ձգտում են հեռվացնել երկու հարևան երկրները։

Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի Հանրապետության տարածքից երկրի դեմ «սիոնիստական ռեժիմի» դավադրության սպառնալիքի նկատմամբ, եզրափակել է նա:

Tasnim գործակալությունը հավելել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը բացատրություն է պահանջել Ադրբեջանից՝ սիոնիստական ռեժիմի հետ «ռազմավարական գործընկերության նոր փուլի» վերաբերյալ երկրի արտգործնախարարի մեկնաբանությունների համար. Ադրբեջանի արտգործնախարարը ողջունել էր Թել Ավիվում իր երկրի դեսպանատան բացումը՝ դա նկարագրելով որպես Իսրայելի հետ «ռազմավարական գործընկերության նոր փուլ»:

 

Կանանին Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին իսրայելական մեկնաբանությունները, ինչպես նաև Բայրամովի մեկնաբանությունները Իսրայելում իր բանակցությունների և Բաքվի և Թել Ավիվի միջև «ռազմավարական գործընկերության նոր փուլի» վերաբերյալ որակել է հակաիրանական համագործակցության հաստատում։

 

Գործակալությունը գրում է, որ Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը Բայրամովի հետ հանդիպմանն ասել էր, որ ինքը և Ադրբեջանի արտգործնախարարը պայմանավորվել են «Իրանի դեմ միասնական ճակատ ձևավորելու և տնտեսության, անվտանգության, էներգետիկայի և նորարարության ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդման շուրջ»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.