Այդ պարտությունն ինձ վրա ազդել է, քանի որ ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակովը՝ Հայաստան-Թուրքիա խաղի մասին (տեսանյութ)

Երեկ 2 խմբով հիմնականում վերականգնողական մարզում ենք իրականացրել: Այն ֆուտբոլիստները, որոնք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ ամբողջ հանդիպումն էին անցկացրել կամ փոխարինման էին մտել, թեթև ռեժիմով են մարզվել: Այս մասին Հայաստան-Կիպրոս ընկերական խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:

 

«Թե որքանով են հասցրել տղաները վերականգնվել Հայաստան-Թուրքիա խաղից հետո, կիմանանք այսօր՝ մարզումից հետո: Կան հատուկ ցուցիչներ, որոնք դրանք ցույց են տալիս»,-նշեց նա:

 

Նրա խոսքով՝ Թուրքիայի ազգային հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները մի փոքր գերազանցում էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին, բայց տղաները նվիրումի և նվիրվածության շնորհիվ կարողացան մի փոքր չեզոքացնել այդ տարբերությունը. «Ոչ ոքի արդյունքի խաղ էր։ Տարոն Ոսկանյանի վնասվածքի դրվագում զարմացած եմ, որ 11-մետրանոց չնշանակեցին։ Մրցավարները վիճելի պահերը դիտարկում են ավելի բարձրակարգ թիմի օգտին։ Մրցավարը նույնիսկ VAR-ի օգնության չդիմեց։ Մեր թիմի տղաները նաև մանկական սխալներ թույլ տվեցին։ Այդ պարտությունն ինձ վրա ազդել է, քանի որ ես իմ կյանքում քիչ եմ պարտվել»։

 

Հարցին՝ ինչպես կգնահատի Կիպրոսի հավաքականի պատրաստվածությունը, Պետրակովը պատասխանեց՝ «Բավականին լավ, միջին կարգի եվրոպական թիմ է: Դիտել եմ նրանց հանդիպումը Շոտլանդիայի դեմ։ Վատ տեսք չունեին։ Պաշտպանությունից էին խաղում»:
Պետրակովը նաև նշեց, որ Կիպրոսի թիմի հետ ընկերական խաղում կունենանք 6 փոփոխության հնարավորություն, քանի որ ավելիի պարագայում այն դուրս կգա ընկերական խաղի սահմաններից:

Հարցին՝ արդյոք Կիպրոսի հետ խաղում ֆուտբոլասերները Հայաստանի ազգային հավաքականի կողմից կտեսնեն կարճ և միջին փոխանցումներով խաղ, Պետրակովը պատասխանեց՝ կարճ և միջին փոխանցումներով խաղալու համար պետք է համապատասխան ֆուտբոլիստներ լինեն թիմում, համապատասխան խաղամակարդակ ունենան, իսկ մենք պատրաստ չենք դրան։

«Ես նույնպես սիրում եմ կարճ փոխանցումներով խաղալ, գնդակը վերահսկել։ Բայց դրա համար ժամանակ է պետք, իսկ մենք չունենք»,-նշեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Կիպրոս ընկերական խաղը տեղի կունենա մարտի 28-ին՝ 19:00-ին։

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.