Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Արևմուտքի, ԵՄ-ի ներգրավման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Արևմուտքի, Եվրամիության ներգրավմանը, նշել է, որ «նրանց հայտնվելուն պես ի հայտ են եկել մասշտաբային խնդիրներ»:

«Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ: Խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում իրական գործընթացում տեսնում ենք Արևմուտքի հայտարարություններին միանգամայն հակասող բաներ», - ասել է դիվանագետը:

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունն առ այն, որ «կա հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախապատրաստումն ավարտին հասցնելու բարենպաստ հնարավորություն», Զախարովան նշել է.«Եկեք, ամեն դեպքում, մեկնաբանենք կատարված իրադարձությունները, այլ ոչ թե հեռանկարները.... Ելնում ենք նրանից, որ սկզբի համար դա պետք է կատարվի, հետո նոր դա հնարավոր և անհրաժեշտ կլինի մեկնաբանել: Մենք բաց են մեկնաբանելու համար, բայց առայժմ մեկնաբանելու բան չկա»:

Հիշեցնենք, որ նույն ճեպազրույցում նա նաև ասել էր, որ ռուսական կողմի մոտ ավելանում է անհանգստությունը՝ կապված թշնամական հռետորաբանության սրման, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացման և կողմերի՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումներին պատրաստակամ չլինելու հետ:

«Խաղաղության գործընթացն այլընտրանք չունի: Մենք այս հարցում վճռական ենք ու վերահաստատում ենք մեր դիրքորոշումը: Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել հայտարարություններում, գործողություններում, վերականգնել բանակցությունները հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր, այդ թվում՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման, հասարակական գործիչների և խորհրդարանականների միջև հանդիպումների անցկացման ուղղություններով», - ասել է Զախարովան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.