Պաշտպանում ենք Փաշինյանի դիրքորոշումն առ այն, որ Ղարաբաղի բնակիչների անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների ապահովումը պետք է որոշեն Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչները. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ։

«Մենք պաշտպանում ենք այն դիրքորոշումը, որը ժամանակին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ելնում է նրանից, որ Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն՝ Tert.am) բնակիչների անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների ապահովումը պետք է որոշեն Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն՝ Tert.am) և Բաքվի ներկայացուցիչները։
Մենք այս հարցում խրախուսում ենք կողմերին, և Հայաստանն իհարկե նույնպես շահագրգռված է դրանում»,- ասել է նա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։

Լավրովը նշել է, որ կարևոր է հասկանալ, թե որքան որակյալ կլինեն կողմերի միջև այդ պայմանավորվածությունները։

Որպես օրինակ՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը բերել է մինսկյան համաձայնագրերը, որոնցում ասվում էր, որ Ուկրաինայի արևելյան շրջանի բնակիչները պետք է իրենց մայրենի լեզվի, երեխաներին մայրենի լեզվով ուսուցանելու, այդ լեզվի կիրառմամբ ապրելու և աշխատելու, իրենց մշակույթը, կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարման հնարավորություն և իրենց հայրենակիցների հետ որոշ տնտեսական, առևտրային հարաբերություններ ուենանլու իրավունքներով օժտված լինեն։

«Կարծում եմ, որ մոտավորապես նույն իրավունքների փաթեթն անհրաժեշտ կլինի ղարաբաղցիներին»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով արժանավայել կյանքի կկոչվեն պայմանավորվածությունները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.