ՀՀ-ն աշխատանքներ է տանում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվի Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման չկատարաման հարցը․ Եղիշե Կիրակոսյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին այն մասին՝ արդյո՞ք հնարավոր համարում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն, դիտարկելով Հաագայի դատարանի որոշումը որպես պարտադիր կատարման ենթակա ակտ, ինքը կիրառի այն, և արդյո՞ք Հայաստանը այդ ուղղությամբ կատարել է քայլեր։

 

«Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր ուժ ունի։ Ցավոք սրտի, մենք առերեսվում են այն իրականության հետ, որ Ադրբեջանը ոչ միայն անտեսում է այդ որոշումը, այլև բոլոր մակարդակներում փորձում է այն աղավաղել, դա ևս շատ ցավալի է։ Դա արտահայտվել էր նաև վերջերս Ադրբեջանի արտգործնախարարի նամակում՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որին ի պատասխան նամակ է  ներկայացվել նաև մեր նախարարի կողմից»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։

 

Նա ընդգծեց, որ եղել են դեպքեր, երբ դատարանի միջանկյալ որոշումները ներկայացվել են ԱԽ, որոնք, սակայն, մեծ հաղջողություններ չեն ունեցել։

 

«Դեպքերը հիմնականում վերաբերել են մշտական անդամին, և մշտական անդամը կիրառել է վետոյի իրավասությունը, հարցը վերջնական քննարկման չի արժանացել։ Բայց մեր պարագայում, կարծում եմ, անհրաժեշտ է, որ այդ ուղղությամբ աշխատենք։ Գիտեմ, որ ԱԳ գործընկերները արդեն աշխատում են այդ ուղղությամբ, շատ կարևոր է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում հարցը բերվի օրակարգ»,- նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.