Կարո՞ղ եմ ես որպես դատավոր ենթադրել, որ պարոն Անդրեասյանն իր ընկերոջը խնդրել է, որ հետամուտ լինի իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցում․ Զարուհի Նախշքարյան

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ թե՛ Վենետիկի հանձնաժողովը և թե՛ այլ կազմակերպություններ, որոնք զբաղվում են դատական իշխանության անկախության հարցերով, բազմիցս հայաստանյան իշխանությունների ուշադրությունը հրավիրել են այն հարցին, որ Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու մեխանիզմը չի կարող չարաշահվել ու չի կարող մշտապես կիրառելի լինել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանը։

 

«ԲԴԽ-ն ստեղծվել է 2018 թ-ի մարտին և այդ պահից սկսված, երբ որոշակի իրադարձություններ եղան քաղաքական դաշտում, ինձ մոտ տպավորություն էր, որ մշտապես, հետևողական, սկսվեց դատական իշխանությունը հեղինակազրկելու գործընթաց։ Իմ լիազորությունների դադարեցումը՝ ըստ Արդարատադության նախարարի, իրականացվել է հենց այն պատճառով, որ ես իբր հեղինակազրկել եմ դատական իշխանությունը։ Բայց մենք կարող ենք տեսնել, թե հեղինակազրկումը որտեղից է գալիս։ Սկսվեցին վիրավորական, պարսավելի արտահայտություններից դատավորների ու դատական իշխանության նկատմամբ՝ ԱԺ պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ընդհուպ Արդարադատության նախարարի մակարդակով։ Դրան հաջորդեց ուժային կառույցներում աշխատավարձերի բարձացումը, այն դեպքում, երբ դատավորները շարունակում են շատ չնչին աշխատավարձով կարտարել իրենց առաքելությունը։ Այսինքն դատախազը, որը մասնակցում է դատական նիստին, ավելի բարձր է վարձատրվում, քան այն դատավորը, որը վերջնական որոշում է կայացնում»,- ասաց նա։

 

Նախշքարյանը նշեց, որ կարգապահական վարույթը Արդարադատության նախարարի ձեռքում դարձել է մահակ շատ դատավորների պատժելու համար։

 

«Արդարադատության նախարարության մամուլի խոսնակը, ինչպես նախարարությունն է ներկայացրել՝ նախարարի բանավոր հանձնարարականով, ուսումնասիրել է իմ ֆեյսբուքյան էջն ու իմ հարցազրույցները, հակառակը չի հիմնավորվել դատարանում։ Սրա արդյունքում կազմվել է զեկուցագիր, որը ներկայացվել է նախարարին, ով այն հիմնավոր է համարել և այն ներկայացվել է ԲԴԽ։ Կարո՞ղ եմ ես որպես դատավոր, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, ենթադրել, որ իրադարձությունների հերթականությունը այլ է եղել ու պարոն Անդրեասյանն իր ընկերոջը խնդրել է, որ հետամուտ լինի իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարեցելու հարցում»,- ընդգծեց նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲԴԽ-ն դադարեցրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով։ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.