Թույլ տալ, որ Արցախը հայազրկվի, նշանակում է՝ բացել ՀՀ պետականության ոչնչացման դուռը. Հայկ Դեմոյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը, որը հազարավոր զոհերի պատճառ է դարձել, մեր հասարակությանը, կարծես, ընկալումների տեսանկյունից երկու մասի է բաժանել: Մի կողմում չեն մոռանում, որ Թուրքիան է ոչ վաղ անցյալում պատերազմ սանձազերծած ու այն շարունակող տանդեմի թշնամի երկրներից մեկը, մյուս կողմում չեն մոռանում երկրաշարժի հետևանքով զոհվածների մասին, որոնց թվում նաև մեր հայրենակիցներն են: Ոչ միանշանակ են ընկալվում հատկապես պաշտոնական մակարդակով արված քայլերն ու հայտարարությունները, ցավակցությունները՝ ուղղված մասնավորապես Թուրքիայի իշխանություններին: Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանը շեշտում է՝ քաղաքականն ու պարզ մարդկայինը պետք է տարանջատել:

 

«Ես վերապրել եմ 1988-ը, և յուրաքանչյուր նման ողբերգություն ինձ համար սարսափ է: Կա մարդկային կյանքի արժեք: Ցանկացած պարագայում դատողություն անելուց մարդ մնալը, մարդկային լինելը կարևոր է: Այս հարցին չպետք է վերաբերվել հույզերին տրվելով և այդ հույզերի համատեքստում անմարդկային դառնալ: Մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանն արձագանքել 1988-ի երկրաշարժին: Չպետք է իջնենք այդ նողկալիության աստիճանին: Խոսքը մեր տեսակն ավելի բարձր պահելու մասին է: 1988-ին Թուրքիան քաղաքական նկատառումներով չուզեց հետ մնալ այն աջակցությունից, որը երկրներն ուղղում էին Հայաստանին: Թուրքիան այդ ժամանակ համեստ աջակցություն ցուցաբերեց: Նույն կերպ 1999-ի երկրաշարժի ժամանակ այն ժամանակվա մեր իշխանությունները հայ փրկարարներ ուղարկեցին Ստամբուլ: Այդ նախադեպն իրականում կա, և որևէ արտառոց բան այստեղ չկա»,-ասաց Հ. Դեմոյանը:

 

Ինչ վերաբերում է ներկա ֆոնին և քաղաքական նշանակությանը, Դեմոյանը նկատեց. «Իհարկե, չպետք է ակնկալել, որ Թուրքիան այդպիսով կսկսի սիրաշահել մեզ, որ Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունքը մեղմացնելու ինչ-որ քայլեր կկատարի: Չմոռանանք նաև, որ ՀՀ այս կառավարությունում կան առանցքային պաշտոնյաներ, որոնք Հայաստանի դեմ թշնամական, պատերազմական գործողություն վարող պետությունում ուսումնառություն են անցել, զբաղվել են հաշտության գործընթացներով՝ տարբեր այլանդակ գործարքներով հարվածելով մեր հիշողությանը: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա իրենց միակ փրկարար օղակը զանազան այլանդակ մանիպուլ յացիաները, արհեստական օրակարգերը, նողկանք առաջացնող բարբաջանքներն են մնացել: Նրանք անտրամաբանական, հակազգային բնույթի հայտարարություններով օրը մթնեցնելու սցենարն են կիրառում: Հարց է, թե երբ է իրենց վերջնաժամկետը, որովհետև այն իրենք չեն որոշում, քանի որ դրածոներ են, և իրենց փոխարեն որոշելու են: Հիմա իշխանությունը մեկ-երկու օր ձգելու հոգեբանությամբ է առաջնորդվում, որը շատ վատ վերջաբան կունենա, ինչն ապացուցված է պատմությամբ»:

 

Անդրադառնալով թշնամական երկրներից եկող ազդակներին, այն հայտարարություններին, թե «խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին», Հայկ Դեմոյանը նշեց, որ սա պարտադրանք է, որն արտաքին լսարանի համար զուտ «բարիդրացիական դիմակով» են փաթեթավորել: «Շուտով Թուրքիայում ընտրություններ են: Այդ երկրաշարժն ինչ-որ առումով բոլոր կողմերի համար հնարավորություններ է բացելու: Գլխավոր «մարտադաշտին» մայիսին ենք ականատես լինելու: Հարցն այն է, թե Արևմուտքը կկարողանա՞ զսպել և վերահսկման տակ առնել Թուրքիային, որն ուղեծրից շեղվել է 2002-ից: Ուղեծրից շեղվելու առաջին քայլերից մեկն այն էր, երբ Թուրքիան թույլ չտվեց, որ միացյալ զորախումբը Իրաք մտնի հյուսիսից, և օպերացիան սկսվեց հարավից: Այդպիսի իրողությունները չեն ներվում դաշնակիցների կողմից: Մայիսյան իրադարձությունները կարևոր են. շատ հարցեր կբացվեն, շատ հարցեր կփակվեն»,-ասաց նա:

Այդ համատեքստում դիտարկելով նաև Արցախյան հարցը՝ նա շեշտեց. «Հայտարարում են, թե «Արցախյան հարցը պատերազմով է լուծվել»: Բայց հնարավոր չէ 30 տարի բանակցել, հետո պատերազմ սանձազերծելով հարցը լուծված համարել: Այդպես չի լինում: Այսուհանդերձ, մեր գլխավոր մարտահրավերն ու վտանգը շարունակում է մնալ արտաքին ուժերի կողմից ներդրված իշխանությունը, ինչը, կարծես, բոլորն են հասկանում, բայց ոչ բոլորն են այդ մասին բարձրաձայնում: Մի մասն էլ հասկանալով ձևացնում է, թե չի հասկանում: Մեր օրակարգը փոքր երկրի կարգավիճակից դուրս գալու, ինքնուրույն դառնալու, սուվերենության պահպանումը պետք է լինի: Ցավոք, այդպիսի օրակարգ ունենալու հեռանկարներ չկան, նման օրակարգ տեսանելի չէ»: Նրա խոսքով, ամեն պահի տարածաշրջանը կարող է «պայթել»:

«Դա կարող է մեկ օջախ լինել, կարող են համաժամանակյա մի քանի օջախներ լինել: Բավականին լուրջ վտանգներով լի է հատկապես Արցախի և Հայաստանի Հանրապետությունների շուրջ իրավիճակը: Մեզ համար գլխավոր, գերագույն հարցը արցախահայության նորմալ կենսագործունեության ապահովումն է իր բնօրրանում. թույլ տալ, որ Արցախը հայազրկվի, նշանակում է՝ բացել Հայաստանի Հանրապետության պետականության ոչնչացման դուռը: Այս փուլում խելահեղ, ապուշության հասնող ձևակերպումներ են հնչում: Արդեն ժամանակն է, որ կարողանանք շատ հստակ տարանջատել, թե որն է դավաճանությունը, որը՝ հայրենասիրությունը»,-եզրափակեց Հայկ Դեմոյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.