Կստեղծվի Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Գիտական եւ գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:


Նախագծերի նպատակը, համաձայն ներկայացված փաթեթի, բարձրագույն կրթության եւ գիտության բնագավառների մեկ միասնական քաղաքականության իրականացումն է, այդ բնագավառները կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու բնագավառների պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը:

Նախագծերով հստակեցվում են բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինների լիազորությունները: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է պետական կառավարման համակարգում ունենալ նոր մարմին` Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, որը գործելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայությամբ եւ իրականացնելու է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը:

Մարմնի գործունեության ոլորտին են վերապահվելու ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Գիտության կոմիտեի եւ Բարձրագույն որակավորման կոմիտեի, ինչպես նաեւ Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները` ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը եւ ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:
Ներկայում շրջանառության մեջ է գտնվում նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որը կոչված է գիտության եւ բարձրագույն կրթության բնագավառներում պետական միասնական քաղաքականության ապահովմանը, եւ վերջինիս իրականացման համար եւս անհրաժեշտ է միասնական ինստիտուցիոնալ համակարգ: Սրան զուգահեռ՝ գիտական աստիճանաշնորհման համակարգում պետական քաղաքականությունը միտված է աստիճանաշնորհման գործընթացի վերանայմանը եւ դեպի բուհական համակարգ տեղափոխմանը, ինչի արդյունքում փոփոխվելու են աստիճանաշնորհման ընթացակարգերը, եւ նվազեցվելու է գործընթացում պետության ներգրավվածության աստիճանը: Նախագծով նաեւ լրամշակվում է ԳԱԱ-ին վերաբերող հոդվածը: Նախագծի վերաբերյալ հանրային լսումը նախատեսված է փետրվարի 20-ին՝  Գիտության կոմիտեում։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.