Հրդեհից առաջ զինվորները եղել են անգիտակից` մահացած, կամ ուշաթափ

«Հրդեհից առաջ զինվորները կամ եղել են մահացած, կամ անգիտակից: Տղաները եղել են անկողնու մեջ պառկած: Հանրությանը տրամադրում են ոչ ողջամիտ տեղեկություններ: Սա ունի մեկ նպատակ՝ ստեղծել շիլաշփոթ: Տուժողներն ունեն խոր անվստահություն՝ այն է իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկել են», այսօր ասուլիսից հետո «Հրապարակի» հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը: Նկատի ունենալով, որ իրավասու մարմինների ու պաշտոնատար առանձին անձանց կողմից վերջին օրերին դեպքի առանձին հանգամանքների վերաբերյալ հրապարակվել են միմյանցից էապես տարբերվող ու հակասական տվյալներ, որոնց արդյունքում էլ ավելի է մեծացել տուժողների անվստահությունն իրականացվող քրեական վարույթի անաչառության նկատմամբ, ծնողները դիմել են Նորայր Նորիկյանին:


Նորիկյանի կարծիքով` ողբերգական դեպքի մասով վարչապետի այն պնդումները, թե հրդեհը տեղի է ունեցել անփութության հետևանքով` ոչ պրոֆեսիոնալ է և մոլորեցնող: «Վարչապետն ասում է` հրեդհը տեղի է ունեցել քանի որ զորանոցում հակահրդեհային կանոնները չեն պահպանվել. Հիմա հարց վարչապետին, իսկ այդ զորանոցում ի՞նչ կանոն է առհասարակ պահպանվել», - նշեց նա:

Նորիկյանը մտավախություն ունի, որ գործը կարող է չբացահայտվել, թե ինչու, ինչը կարող է խանգարել իրավապահ համակարգին գործի հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելուն, Նորայր Նորիկյանը հստակ ասել չի կարող: «Անտերության, սոցիալական անապահովության և ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է տեղի ունեցածը, մահվան շքերթը բանակում պետք է դադարեցնել: Ծնողները չեն վստահում գործի քննությանը,  նրանք վստահ են, որ բուն հրդեհով փորձել են հետքեր թաքցնել, ծնողները կարծում են, որ մինչև հրդեհը զինվորները եղել են անգիտակից վիճակում, կամ մահացած»- ասաց նա:

Թե կոնկրետ ի՞նչ հետքեր են փորձել թաքցնել, գուցե սպայական կազմը կոնֆլիկտի մեջ է եղել զինծառայողների հետ, գուցե բենզինով վառարան վառող սպան եղել է թմրանյութի ազդեցության տակ, այս վարկածները պաշտպան Նորայր Նորիկյանը ոչ բացառում և ոչ էլ հերքում է. «Սպասենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին»,- նշեց նա:

- Պարոն Նորիկյան, վարչապետ Փաշինյանը հունվարի 19-ի կառավարության նիստի ժամանակ համոզված հայտարարեց, որ զինծառայողներն այրվել են, քանի որ զորանոցում հակահրդեհային կանոնները չեն պահպանվել: Ըստ էության, վարչապետն այս հայտարարությամբ ուղղորդեց առանց այն էլ ուղղորդված Արգիշտի Քյարամյանին և Աննա Վարդապետյանին: Ինչո՞ւ, ո՞րն է Փաշինյանի շահագրգռվածությունն այս հարցում:

- Ցանկացած քրեական վարույթի հետ կապված որևէ ուղղում, ցուցում հանձնարարություն, զեկուցում և պարզաբանում անելը պրոֆեսիոնալ չէ: Այն, ինչ այդ օրը արվեց, դուրս է նրանց սահմանադրական լիազորությունների շրջանակներից: Չեմ կարող ասել, թե որն է վարչապետի շահագրգռվածությունն այս մասով, այն կարող է տարբեր պատճառներ ունենալ:

- Ինչպե՞ս է ստացվում, որ սլաքներն ուղղվում են դժբախտ պատահարի, այլ ոչ թե դիտավորության ուղղությամբ:

- Կառավարության ղեկավարի և մնացյալի այդ կեցվածքը հանրության զայրույթը մեղմելու համար է: Նրանք ցանկանում էին տպավորություն ստեղծել, թե իբրև ամեն ինչ անում են պատասխանատուներին պատժելու համար` չունենալով դրա իրավական հիմքերը: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվել: Մեր նպատակն այս գործը բացահայտելն է: Պետք է հասկանալ, թե ինչ է կատարվել, ինչ են թաքցնում, արդյո՞ք ինչ-որ մի բան այն չէ, արդյո՞ք այլ բան է տեղի ունեցել, այլ հանգամանքներում:

- Նշում եք, որ այրված զինծառայողների ծնողները վստահ են, որ տղաները հրդեհից առաջ եղել են անգիտակից` մահացած, կամ ուշաթափ: Ի՞նչ հիմքեր կան նման վարկած առաջ քաշելու համար:

- Մեր ասածը պարզ վերլուծության համադրություն է: Այդքան մի բան:  Ծնողները չեն վստահում գործի քննությանը, նրանք վստահ են, որ բուն հրդեհով փորձել են հետքեր թաքցնել, ծնողները կարծում են, որ մինչև հրդեհը զինվորները եղել են անգիտակից վիճակում, կամ մահացած:

- Խոսվում է նաև սպայական կազմի և զինծառայողների միջև կոնֆլիկտի մասին:

- Դա հստակ չեմ կարող ասել, պետք է քննության ընթացքում հասկանալ: Կան խիստ անհասկանալի և կասկածելի հանգամանքներ: Ձեր նշած վարկածը չեմ հաստատում, սակայն չեմ էլ հերքում:

- Նշում եք նաև, որ ձեր աշխատանքին կարող են խոչընդոտել: Ինչո՞ւ, ի՞նչ հիմքեր ունեք նման կերպ մտածելու:

- Այս տարիների աշխատանքի որակը, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն ու անպատժելիության մթնոլորտն է ինձ բերել այն համոզմունքին, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական քաղաքականությունը խիստ վտանգված է: Պատժի ինստիտուտը լիարժեք չի գործում, անպատժելիությունը վերացված չէ: Կասկած կա, որ այս գործը ևս կարող են ծածկադմփոց անել:

- Մեր տեղեկություններով` բենզինով վառարան վառող սպան եղել է թմրանյութի ազդեցության տակ: Քննչականից մեզ հետ զրույցում ասել էին, որ եղել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն արդյունքները դեռ չեն հրապարակում:

- Ես ոչ հաստատում եմ այդ տեղեկությունը, ոչ էլ հերքում, այդ ինֆորմացիային չեմ տիրապետում: Դեռևս մենք չենք ստացել դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ոչ սպայի, ոչ էլ մահացած զինծառայողների մասով: Մի քանի օրից դրանց պատճենները կտրամադրեն մեզ:

«Հրապարակ օրաթերթ»

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.