Հայաստանը Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել վերջերս. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել վերջերս: Այս մասին Բեռլինում իր գերմանացի գործընկեր Աննալենա Բուրբոկի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

 

«Խաղաղության բանակցությունները շարունակական գործընթաց են, և Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված այս բանակցություններում, և մենք նպատակ ունենք շարունակել մեր ակտիվ ջանքերը, մեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում: Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ դեկտեմբերին նախատեսվում էր իմ և նախարար Բայրամովի, ինչպես նաև նախարար Լավրովի հերթական հանդիպումը:

 

Այս անգամ այն պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց մասնակցությունը, և չնայած այս հանգամանքին մենք ադրբեջանական կողմին, ինչպես Դուք մեջբերեցիք, փոխանցեցինք մեր նոր առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ: Եվ պետք է նաև տեղեկացնեմ, որ մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական հերթական արձագաքը և առաջարկները:

 

Ես կրկնում եմ սա շարունակական գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա տարբեր, մի քանի փուլերով փոխանակելով առաջարկները և շարունակելով քննարկումը: Սա շատ կարևոր է հասկանալու համար, որ թեև Լաչինի միջանցքն արգելափակված է, մնացած բոլոր մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, այնուամենայնիվ, ըստ էության, բանակցային գործընթացը կանգնած չէ, բանակցությունները շարունակվում են:

Անշուշտ, պետք է նշեմ, որ այդ բանակցությունների հաջող և ավելի հարթ ընթացքին ամենևին չեն նպաստում, եթե, իհարկե, չասենք, որ խոչնդոտում են, Ադրբեջանի շարունակական, հակահայկական, ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզը հայերի նկատմամբ, անկախ նրանից դա Հայաստանի Հանրապետությունն է, թե Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև գետնի վրա, ինչպես ասում են, ագրեսիվ գործողությունները, ՀՀ ինքնիշխան տարածք շարունակական ներխուժումները, մեր տարածքների օկուպացիայի տակ մնալը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առաջացումը:

Ցանկացած պարագայում, ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք շատ վճռական և հաստատակամ ենք խաղաղության օրակարգին և մենք մեր կողմից շարունակելու ենք ակտիվ ջանքերը տարածաշրջանում երկարատև խաղաղության համար»,- ասել է Միրզոյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.