Այս պահին, երբ մենք խոսում ենք, ԼՂ 120 000 հայությունն ապրում է տոտալ շրջափակման մեջ. կարո՞ղ եք պատկերացնել արդյոք՝ 2 ամիս մարդիկ զրկված են ազատ տեղաշարժի իրավունքից. Միրզոյան

Փետրվարի 7-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որի արդյունքներով Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է.

 

«Մենք այսօր գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել ենք ժողովրդավարական արժեքների և ընդհանուր ընկալումների վրա հիմնված երկկողմ համագործակցության ընդլայնմանը, կարևորել ենք Հայաստանում տեղի ունեցող մեծածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Գերմանիայի աջակցությունը, ինչպես նաև՝ քննարկել ենք բազմակողմ հարթակներում ակտիվ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

 

Բնականաբար, քննարկել ենք հայ-գերմանական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր՝ հատկապես հաշվի առնելով, որ Գերմանիան ԵՄ-ում մեր հիմնական առևտրային գործընկերն է, և գերմանական կապիտալը ներկայացված է Հայաստանի տնտեսության մեջ: Մենք պետք է աշխատենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան ապահովելու, պահպանելու, ներդրումները խթանելու և նոր գործարար կապերը ակտիվացնելու ուղղությամբ։

 

Երկկողմ օրակարգում, իհարկե, կարևոր տեղ է զբաղեցնում նաև ֆինանսական և տեխնիկական համագործակցությունը: Եվ մենք արժևորում ենք գերմանական GIZ գործակալության և KFW բանկի գործունեությունը Հայաստանում:

Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում, իհարկե, մեզ համար կարևոր է Գերմանիայի դիրքորոշումը ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում առաջընթացի համար:

Շարունակելով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության թեման՝ նշեմ, որ հանդիպման օրակարգում էին գործընկերության ընդլայնման կարևոր հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ուղղություններով, Արևելյան գործընկերության շրջանակներում և այլ հարթակներում ու ձևաչափերով, որտեղ մենք համագործակցում ենք:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի ևս մեկ անգամ մեր գոհունակությունն ու երախտիքը հայտնել Եվրոպական միությանը Հայաստանում նոր՝ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման կապակցությամբ: Համոզված ենք, որ այս առաքելությունն էական դերակատարում կունենա մարդկային անվտանգության և տարածաշրջանում կայունության հաստատման գործում, ինչպես նաև՝ առկա իրավիճակն օպերատիվ և հավաստի կերպով ԵՄ անդամ երկրների մեր գործընկերներին ներկայացնելու հարցում:

Շարունակելով տարածաշրջանային անվտանգության և կայունության թեման` նշեմ, որ այսօր գործընկերոջս ներկայացրել եմ այն էքզիստենցիալ մարտահրավերներն ու վտանգները, որոնց այս շրջանում բախվում է թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը:

Հարգելի՛ ներկաներ,

Այս պահին, երբ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի 120 000 հայությունն ապրում է տոտալ շրջափակման մեջ` կտրված ամբողջ աշխարհից: Եվ սա շարունակվում է արդեն երկու ամիս: Կարո՞ղ եք պատկերացնել արդյոք՝ երկու ամիս մարդիկ զրկված են ազատ տեղաշարժի իրենց հիմնարար իրավունքից:

Ամբողջ աշխարհի հայացքների ներքո Լեռնային Ղարաբաղը կանգնած է հումանիտար աղետի առջև: Ցրտաշունչ ձմռան պայմաններում գազի ու էլեկտրաէներգիայի գրեթե ամենօրյա անջատումներ, բլոկադայի տարբեր կողմերում հայտնված ընտանիքներ, կրթության իրավունքից զրկված երեխաներ, անհրաժեշտ բժշկական միջամտության կարիք ունեցող և այն չստացող մարդկային կյանքեր:

Այս ամենը հետևանք է նրա, որ Ադրբեջանը, նենգափոխելով գլոբալ բնապահպանական օրակարգը և կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչպես նաև դրան նախորդած այլ ագրեսիվ գործողությունները, ինչպես օրինակ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը, և կենսագործունեության համար անտանելի պայմանների ստեղծումը Լեռնային Ղարաբաղում ունի մեկ նպատակ՝ ստիպել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը լքել իրենց տները և, ըստ էության, դրանով իսկ զրկել նրանց հայրենիքում ապրելու իրավունքից։ Սա բնորոշել այլ կերպ, քան էթնիկ զտումների քաղաքականություն, թերևս հնարավոր չէ։ Սա է Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրելու միջազգային հանրության կոչերին։

Հարգելի՛ ներկաներ,

Սրան զուգահեռ մինչ այժմ վերացված չեն նաև 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: Խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, իսկ բազմաթիվ բռնի անհետ կորածների ճակատագրերը մնում են չպարզված։ Շարունակվում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը:

Ցանկանում եմ հերթական անգամ ընդգծել, որ չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, որոնց մի մասը ես թվարկեցի, խաղաղության օրակարգի առաջ մղումը Հայաստանի Հանրապետության սկզբունքն ու ռազմավարությունն է: Այս համատեքստում մենք կարևորում ենք Գերմանիայի՝ որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների և համամարդկային արժեքների ջատագով երկրի, և որ ոչ պակաս կարևոր է՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի, հստակ դիրքորոշումը՝ տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանն ուղղված ջանքերում։

Հարգելի՛ տիկին նախարար,

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար։ Ես անկեղծորեն հետաքրքրված եմ շարունակել այս երկխոսությունը՝ երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգին նոր լիցք հաղորդելու համար, այդ թվում նաև՝ պաշտոնական փոխայցելությունների միջոցով։

Հարգելի՛ գործընկերներ,

Պատիվ ունեցա տիկին նախարարին հրավիրել Հայաստան։

Շնորհակալ եմ»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.