Անհրաժեշտ է, որ ԵԽ պաշտոնյաները ԼՂ այցելելու հնարավորություն ունենան. ՀՀ ԱԺ նախագահը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններին միտված բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը, նշելով, որ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի մակարդակով ընդամենը մեկ այց է եղել` 2011 թվականին, առաջարկել է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները:

 

Անդրադարձ է եղել բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ երկխոսության հարցում բարեկամական խմբերի դերին:

 

Գործընկերները խոսել են հետպատերազմյան իրադրությունից, Լաչինի միջանցքի ճգնաժամից, Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայից եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 հայերին սպառնացող վտանգներից ու Ադրբեջանի կողմից վարվող շարունակական ագրեսիվ քաղաքականությունից: «Արցախ միջազգային, այդ թվում` հումանիտար կազմակերպությունների մուտքն արգելելու Ադրբեջանի քաղաքականությունն անընդունելի է: Մեր խորին համոզմամբ անհրաժեշտ է, որ Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները եւ կառույցները Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն ունենան` մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկում իրականացնելու համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

 

Հանդիպման ավարտին զրույց է ծավալվել միջազգային հարթակներում գործակցության հնարավորությունների շուրջ: Քննարկվել են կրթության, գիտության, առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտներում փոխշահավետ համագործակցության հեռանկարները: «Կարծում եմ` ուղիղ թռիչքների գործարկումը կնպաստի երկու ուղղություններով զբոսաշրջության զարգացմանը»,- նկատել է Ալեն Սիմոնյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.