Տրանսպորտային ենթակառուցվածքի նոր ուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից. Միշուստինը՝ Փաշինյանին

Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

 

Իր խոսքում ՌԴ վարչապետը նշել է.

 

«Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ,

 

Ուրախ եմ մեր նոր հանդիպման առիթով։

Առաջին հերթին կցանկանայի Ձեզ փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի բարեմաղթանքները։ Դուք օրերս հեռախոսով զրուցել եք նրա հետ և քննարկել մեր երկկողմ օրակարգի կարևորագույն հարցերը։

Իմ հերթին խնդրում եմ Ձեզ փոխանցել ողջույններ Հայաստանի նախագահ, հարգարժան Վահագն Գառնիկի Խաչատուրյանին։

Մենք անկեղծորեն գնահատում ենք Հայաստանի հետ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները։ Մեր երկրներին կապում են լավ, եղբայրական հարաբերություններ՝ հիմնված ռուս և հայ ժողովուրդների պատմական բարեկամության վրա։

Կառավարության մակարդակով շատ ակտիվ աշխատանք է տարվում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Եվ, չնայած արտաքին ծանր իրավիճակին, մեր համագործակցությունը հաջողությամբ զարգանում է։

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի արտաքին առևտրային առաջատար գործընկերը և այժմ տնտեսության հիմնական ներդրողը։ Օրինակներ բերեմ. նախորդ տարվա հունվար-նոյեմբերին փոխադարձ առևտուրը 2021 թ.-ի համեմատ աճել է 77%-ով։ Այն գերազանցել է 4,1 մլրդ դոլարը, ինչն այսօրվա համար ռեկորդային է մեր փոխադարձ առևտրում։

Կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլրդ դոլար։ Ավելի քան 40 առաջատար ռուսական ընկերություններ գործում են հայաստանյան շուկայում և դասվում են Հայաստանի խոշորագույն հարկատուների թվին։

Առաջարկում ենք ավելի ակտիվ գործարկել համատեղ նոր նախագծեր։ Մենք նոր Ձեզ հետ, հարգելի Նիկոլ Վովայի, մանրամասն քննարկում էինք արդյունաբերական կոոպերացիան։ Եվ ոլորտները, որոնք ավանդաբար կարող են հետաքրքրություն ներկայացնել, դա խաղաղ ատոմային էներգիան, էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկան և թվային տեխնոլոգիաներն են:

Գործնական հարցերը լուծվում են միջկառավարական հանձնաժողովի մակարդակով։ Մեր կողմից այն գլխավորում է Ալեքսեյ Օվերչուկը:

Գործում է մինչև 2025 թ. տնտեսական համագործակցության ծրագիրը։ Մեր համագործակցությունն ընդլայնվում է նաև Ռուսաստանյան արտահանման կենտրոնի միջոցով։ 2022 թ.-ի ընթացքում մենք կազմակերպել ենք 24 բիզնես առաքելություն Հայաստան՝ Ռուսաստանի տասնյակ մարզերի մասնակցությամբ։

Հայ գործարարներն այժմ հիանալի հնարավորություններ ունեն մեր շուկայում աշխատելու համար՝ դրանից ոչ բարյացակամ պետությունների դուրս գալու հետ կապված, նկատի ունեմ ոչ միայն խոշոր բիզնեսը, այլև փոքր ու միջին ձեռնարկությունները, ինչը կնպաստի աշխատատեղերի աճին։

Եվ, իհարկե, մենք ավանդաբար առանձնահատուկ նշանակություն ենք տալիս մեր կրթությանը։ Ռուսաստանյան բուհերում սովորում է մոտ 5000 հայ ուսանող. Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից գալիք ուսումնական տարվա համար հատկացվել է 250 կրթաթոշակի քվոտա:

Հարգելի Նիկոլ Վովայի, մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին։ Կարևոր ենք համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ապահովումը։ Տրանսպորտային ենթակառուցվածքի նոր ուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից։

Եվ ես պատրաստ եմ Ձեզ հետ, հարգելի Նիկոլ Վովայի, քննարկել մեր երկկողմ օրակարգի բոլոր արդիական հարցերը»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.