Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այցելել է Ջերմուկ, ծանոթացել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին:  Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից: 

 

«Իսպանիայի խորհրդարանում մենք ներգրավված են հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում: Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը եւ կոչ է անում վերադառնալ նախկին դիրքեր»,- ասել է Ինյարիտուն:

 

Պատգամավորին ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը:

 

Խորհրդարանականներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած Ջերմուկի առողջարան, Կեչուտի գերեզմանատուն եւ ճոպանուղի:

Իսպանացի պատգամավորը նշել է, որ իր երկիր վերադառնալուն պես գործընկերներին կներկայացնի Ադրբեջանի կողմից տարբեր տրամաչափի զենքերի կիրառման հետեւանքով առողջարանային քաղաքի կրած վնասները եւ այն ամենը, ինչ տեսել է սեփական աչքերով:

Հյուրերին դիմավորել եւ սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով մարզում ստեղծված իրավիճակն ու խնդիրները ներկայացրել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը: Ըստ նրա` ներկա պահին իրավիճակը քաղաքում հանգիստ է, սակայն սպառնալիքները մշտապես առկա են:

Տաթեւիկ Գասպարյանն ընդգծել է նման այցերի կարեւորությունը` նշելով, որ դրանք միջազգային հանրությանը եւս մեկ անգամ իրականությունը ներկայացնելու հնարավորություն են ընձեռում:

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.