Վլադիմիր Գասպարյանի դուստրն այդ 8 միլիոնը մուծել է․ այն ժամանակ ասացին՝ մուծեք, գործը կկարճենք, բայց չկարճեցին․ Լևոն Երանոսյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազությունը երեկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր՝ Յուլյա Գասպարյանի նկատմամբ։

 

Ըստ հաղորդագրության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոստիկանության նախկին պետ Վ. Գ.-ի դուստրը՝ Յ. Գ.-ն, միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ. Ե.-ին, ով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույք է հափշտակել:

 

Վ․ Գ․-ն Վլադիմիր Գասպարյանն է, Յ․ Գ․-ն նրա դուստր Յուլյա Գասպարյանն է, իսկ Լ․  Ե․-ն նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն է։ 

 

Քրգործը՝ կարճ, մի բանի մասին է, որ նախկին ոստիկանապետի դուստրը 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով նշանակվել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, այնուհետեւ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով նշանակվել է ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին, հոր կողմից ստացել ոստիկանության փոխգնդապետի կոչում,  պաշտոնից 2018 թվականի մայիսի 10-ին ազատվել է, ու այդ երեք տարվա ընթացքում ոստիկանապետի դուստրն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել: 

Ըստ քրգործի՝ Լեւոն Երանոսյանը քաջատեղյակ է եղել, որ ոստիկանապետի դուստրն ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չի կատարել, սահմանված կարգով ծառայության չի ներկայացել ու չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։ Արդյունքում վերը նշված ժամանակահատվածում Յ. Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգեւատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ, աշխատանքի չհաճախելու եւ ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելու պայմաններում, ստացել եւ կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ,  պարգեւատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները:

Նշենք, որ այս գործով դեռ 2020 թվականի հունիսին մեղադրանք էր առաջադրվել Լեւոն Երանոսյանին։ Այն ժամանակ Գասպարյանի դստեր նկատմամբ քրեական հետապնդում դեռ հարուցված չէր։ Այսօր դատախազությունը կամ անձամբ տիկին դատախազը որոշել է նրա նկատմամբ եւս քրեական հետապնդում հարուցել, մեղադրանք առաջադրել ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, որ խափանման միջոց ընտրվի։ 

Լեւոն Երանոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այս գործով գտնվում է դատական գործընթացի մեջ, դատարանում ինչ պետք է՝ ասել է, ամսի 19-ին էլ նորից նիստ է նշանակված, այդ օրն էլ կասի։ Մեր հարցին, թե ինչու Գասպարյանի դուստրն աշխատանքի չի հաճախել, Երանոսյանն ասաց, թե ինքը տեղյակ չի եղել՝ նա հաճախե՞լ է աշխատանքի, թե՞ ոչ։ «Ես չգիտեմ՝ աշխատանքի հաճախել է, չի հաճախել, ես ի՞նչ իմանամ։ Դա իմ իրավասությունների մեջ չէր մտնում։ Այսինքն՝ ես պիտի գնայի սենյակները նայեի՝ Գասպարյանի աղջիկը գործի գալի՞ս ա, թե՞ չէ»,-ասաց նախկին փոխոստիկանապետը։

- Բայց Ձեր ենթակայության ներքո է աշխատել նախկին ոստիկանապետի դուստրը, Ձեզ չպե՞տք է հետաքրքրեր՝ Ձեր ենթակաները պատշաճ կատարո՞ւմ են իրենց պարտականությունները, թե՞ չեն կատարում։

- Բայց ես ի՞նչ իմանայի՝ գործի գալի՞ս ա, թե՞ չէ։

- Բա ո՞վ պետք է իմանար։

- Համապատասխան ծառայություններ կային, բան կար․․․ Ես հո չէի՞ գնալու դուռը բացեի, տեսնեի՝ Վովայի աղջիկը գործի գալի՞ս ա, թե՞ չէ։

- Իսկ Վովա Գասպարյանի դուստրը որեւէ արտոնություն ունեցե՞լ է ոստիկանությունում՝ որպես ոստիկանապետի դուստր։

- Ի՞նչ արտոնություն կարար ունենար։ Իմ համար տարբերություն չկա՝ Վովայի աղջիկը կլիներ, թե ուրիշ մեկի աղջիկը կլիներ, դա ի՞նչ կապ ունի՝ ում աղջիկն է։

- Ձեզ է՞լ են այս 8 մլն դրամի չարաշահման գործով մեղադրում, թե՞ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք է առաջադրվել։

- Էդ 8 միլիոնը մուծվել ա։ Էն ժամանակ ասացին՝ մուծեք, կկարճենք, բայց չկարճեցին։ Այսինքն՝ ասել են, որ փողը մուծելու դեպքում գործը կարճվելու ա։ Իսկ իմ մեղադրանքը նույնն ա մնացել՝ պաշտոնեական դիրքի չարաշահում։

- Իսկ ո՞ւմ կողմից է մուծվել՝ Ձե՞ր, թե՞ Գասպարյանի դստեր։

- Գասպարյանի դստեր կողմից է մուծվել, ես տեղյակ էլ չեմ եղել, հետո են ինձ ասել հատուկ քննչականից, որ փողը մուծված է։ Իսկ ինչ մնում ա՝ աշխատանքի հաճախել-չհաճախելը, ես պարտավոր չէի իմանալ։ Էդ դեպքում, ասենք, 2 հազարից ավելի մարդ կար, դա իմ գործառույթը չէր, որ ես իմանայի՝ ով էր գործի գալիս կամ ով գործի չէր գալիս»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.