Ինքնակամ հրաժարականի դիմում չեմ գրի, բայց եթե ինձ ազատեք, միայն շնորհակալ կլինեմ․ կարգապահական վարույթներով էլ ոչ մեկին չեք զարմացնի․ դատավոր Նախշքարյան

Մեր քաղաքացիները դժգոհում են, որ իրենց դատական ակտերը ուշացնում ենք, հեռախոսազանգերին չենք պատասխանում, դատական նիստերը ուշ ենք նշանակում և այլն, պետք է հասկանանք, թե ում դաշտում է գնդակը։  Այս մասին ԱԺ-ում ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ նշեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը:

 

«Դատավորը ստեղծված իրավիճակում կարող է դիմել ԲԴԽ՝ հարցերի լուծման ակնկալիքով, մասնակցել Արդարադատության նախարարության կազմակերպած քննարկումներին և այլն։ Վերջին հինգ տարին իմ մասնակցությամբ բազմաթիվ խնդիրներ  ճշգրիտ, համառորեն ներկայացվել են բոլոր պատկան մարմիններին։ Բոլոր կարգապահական վարույթները, որոնք հարուցվում են ԱՆ-ի և էթիկայի հանձնաժողովի կողմից, 95 տոկոսից ավելին պայմանավորված են ժամկետների խախտումներով, դատական ակտերի չտրամադրմամբ, դատական նիստերի  ուշացմամբ, զանգերին չպատասխանելով: Հարգելի քաղաքացի, եթե մենք պատասխանում ենք ձեր զանգին, երեք քաղաքացի, որից մեկը դուք եք, ավելի ուշ եք ստանում դատական ակտերը, որովհետեւ մեր աշխատակիցները հեռախոսն առհասարակ ականջից չեն հեռացնում»,-ասաց նա:

 

Նախշքարյանը նշեց, որ Արդարադատության նախարարությունն ու Բարձրագույն դատական խորհուրդը պետք է լուծեն առկա խնդիրները, որից հետո նոր մտածեն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու մասին։

 

Դատավորը անդրադարձավ հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանը՝ նկատելով, որ պետությունն ահռելի միջոցներ է տրամադրել այդ գործում։

«Օրինակ՝ հակակոռուպցիոն վճռաբեկ դատարանը մոտակա մեկ տարին բողոք չի ունենա, բայց այնտեղ աշխատում են դատավորներ, որոնք ստանում են աշխատավարձ, որը իմ աշխատավարձից երեք անգամ ավելի է և նրանք դեռ մեկ տարի դա ստանալու են՝ չքննելով որևէ մի բողոք»,- ասաց դատավորը։

Խոսելով դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասին, դատավորը ասաց․

«Կարգապահական վարույթներով էլ ոչ մեկին չեք կարող զարմացնել: Չգիտեմ, կարող է մեկ-երկու հոգի զարմանան, բայց ես հաստատ չէ։ Ցանկացած կարգապահական վարույթ հունից հանում է դատավորին, ստեղծում է ավելորդ լարվածություն  և ծանրաբեռնվածությամբ պայմանավորված բոլոր խնդիրները եռապատկվում են։ Ես խոստացել եմ մի շարք տեղերում, որ ինքնակամ հրաժարականի դիմում չեմ գրի, բայց եթե դուք ինձ ազատեք, միայն շնորհակալ կլինեմ»։

Զարուհի Նախշքարյանն ընդգծեց, որ պետությունը պարտավոր է լուծել բոլոր այս խնդիրները և ապահովել մարդկային պայմաններ, որից հետո անդրադառնա կարգապահական վարույթներին և պատասխանատվության մեխանիզմներին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.