ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հանել հարցազրույցի փուլն ու պարտադիր վերապատրաստման պահանջը դպրոցի տնօրենի հավաստագրման ընթացակարգերից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման, ինչպես նաև հանձնաժողովի ձևավորման կարգերում փոփոխություն կատարելու մասին նախագծերը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

 

Առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թ. մայիսի 18-ի N 395-Ն և 396-Ն հրամանները և հավելվածները:

 

Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թ. փետրվարին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով: Նշված օրենսդրական փոփոխությամբ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց քննության անցկացման, տնօրենի ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի դադարեցման գործընթացների վերաբերյալ մի շարք բարեփոխումներ են ամրագրվել:

 

Ներկայում գործող կարգով պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել միայն վերապատրաստում անցած  անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի և կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Հանրային քննարկման դրված նախագծերի համաձայն՝ հավաստագրի ձեռքբերման համար վերապատրաստման պարտադիր պահանջը հանվել է: Նախատեսվում է փոփոխություն իրականացնել նաև քննության անցկացման գործընթացում՝ սահմանելով միայն թեստավորման փուլ. հարցազրույցի փուլը հանվել է: Արդյունքում՝ պարզեցվել են հանձնաժողովի ձևավորման պահանջները՝ խուսափելով ավելորդ ծանրաբեռնվածությունից և ռեսուրսների ոչ արդյունավետ բաշխումից:

Այս բարեփոխումների արդյունքում տնօրենի թեկնածուի համար հավաստագրման գործընթացն անհրաժեշտ է դառնում միայն առաջին անգամ դիմող հավակնորդների համար: Նախատեսվող մեկ այլ փոփոխությամբ՝ գործող տնօրենները զարգացման ծրագրի կատարողականի արդյունքով կարող են համարվել ատեստավորված, որը հիմք կհանդիսանա, որ տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը երկարաձգվի ևս 5 տարով:

Ընդունվելու դեպքում նոր կարգերն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի հունվարից:

Շահագրգիռ կառույցներն ու անձինք նախագծերի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 6-ը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.