Հնդկական ռեակտիվ կայանները մարտական պայմաններում երբևէ չեն կիրառվել, հարցական է, թե ինչպես կաշխատեն մարտի դաշտում․ Կարեն Վրթանեսյան

Սեպտեմբերի 29-ին Վարդենիսում հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը անդրադառնալով սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին հաջորդած անվտանգային իրավիճակին մի շարք հայտարարություններ էր արել, մասնավորապես  Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հետ կապված, որոնք լայն քննարկման առարա են դարձել հանրությնա շրջանում։ Թեմայի հետ կապված Tert.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։

 

- Պարո՛ն Վրթանեսյան, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ ԶՈւ-ն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը։ Ձեր կարծիքով, ի՞նչ էր ակնարկում ԳՇ պետի տեղակալը այդ հայտարարությամբ։

 

- Նախ՝ տրամաբանական հարց է առաջանում ԳՇ պետի տեղակալին. եթե կա նման հրաման, ապա ինչո՞ւ բանակն այն չի կատարել։ Երկրորդ հարցը. ե՞րբ է տրվել այդ հրամանը։ 2021-ի մայիսի 12-ից սկսված ներխուժումների ժամանակ հայկական կողմը հայտարարեց, որ բանակցություններով է պատրաստվում ադրբեջանական զորքը հանել ՀՀ տարածքից։ Ավելին՝ բանակին հրաման էր տրված հրազեն չկիրառելու և, եթե հիշում եք, այդ օրերին հայ զինվորականները ստիպված էին բռունցքներով ու փայտերով դիմադրել ադրբեջանցիներին։ Արդյունքը եղավ այն, որ Ադրբեջանն այդ, իբր, բանակցային փուլը օգտագործեց Հայաստանի տարածքում իր դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու համար, որից հետո արդեն սկսեցին կրակել ու սպանել մեր զինվորականներին։ 2021-ի մայիսի 12-ից այս կողմ թշնամին բազմաթիվ հատվածներում մտել է ՀՀ տարածք ու դիրքավորվել, հաճախ հանրությունն այդ մասին իմացել է ամիսներ անց։ Նույն թվականի նոյեմբերին էլ թեժ մարտեր եղան Իշխանասարի հատվածում, որոնց հետևանքով մենք կրկին ունեցանք մարդկային ու տարածքայի կորուստներ։ Այդ ժամանակ «ՀՀ ինքնիշխան տարածքը վերկանգնելու» հրաման չե՞ն ունեցել։

 

 - Որքանո՞վ էր նպատակահարմար ԶՈՒ ԳՇ պետի կողմից հանրային կերպով  նման հայտարարություն անելը՝ ԶՈՒ-ի առջև դրված խնդիրների մասով։ Արդյո՞ք այս ձևակերպումը որևէ գործողության մասին հրապարակային հայտարարություն չէր։

- Ադրբեջանը կարող է մեկնաբանել և հավանաբար կմեկնաբանի այս հայտարարությունը՝ որպես հայկական կողմից իր վրա հարձակում նախապատրաստելու փորձ, դրանից բխող բոլոր քաղաքական և ռազմական հետևանքներով։ Իհարկե, միաժամանակ պնդելով, թե տարածքային ամբողջականության խնդիր չկա, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա արված չեն։ Ըստ էության ադրբեջանցիներին հարմար արդարացում է տրվել հերթական ռազմական արկածախնդրությունը սկսելու։

- ՊՆ-ն մեկնաբանել է այս հայտարարությունը նշելով, որ այս  ձևակերպման մեջ որևէ արտառոց կամ նոր բան չկա ու ԳՇ պետը տվել է ԶՈՒ առաքելության ընդհանրական բնութագիրը։ Որքանո՞վ էր նաև տեղին ՊՆ-ի այս մեկնաբանությունը։

-  Մարտիկյանի հայտարարության մեջ խոսվում է կոնկրետ հրամանի մասին, այլ ոչ թե ԶՈՒ առաքելությունը ձևակերպող իրավական տեքստի տեսական քննարկում է։

-  Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, սակայն դաշնակիցների կողմից չեն կատարվում զենքի մատակարարման պարտավորություները։ Զենքի առք ու վաճառքի գործընթացը սովորաբար տևական գործընթաց է, և դրա հետ կապված մանրամասները հանրային կերպով ընդունված չէ քննարկել։ Ինչո՞ւ էր, ըստ Ձեզ, Փաշինյանը այդ մակարդակով նման հայտարարություն անում։ Ի՞նչ մեսիջներ կարող է այս հայտարարությունը իր մեջ պարունակել։

- Այո, այդպես է։ Թեպետ, մյուս կողմից, սա կարող է Փաշինյանի հերթական չափազանցությունը կամ ուղղակի սուտը լինել։ Ո՛չ առաջին, ո՛չ էլ, վստահ եմ, վերջին անգամ է։ Բանակը միտումնավոր կազմաքանդելու, բանակի մարտունակությունը 44-օրյա պատերազմից հետո չվերականգնելու մեղադրանքների ֆոնին Փաշինյանին բնորոշ ոճով փորձ է անում պատասխանատվությունից խուսափել և մեղքը գցել այլոց վրա։ Մոտավորապես այսպես. «Ի՞նչ կարող էր անել խեղճ Նիկոլը, խաբեցին, զենքը չտվեցին»։

-  Վերջին օրերին լայնորեն քննարկվում է Հնդկաստանից Հայաստան զենքի  մատակարարման թեման, հաշվի առնելով, որ ինֆորմացիան մեկ աղբյուրից է տարածվել և այլ հավաստի  աղբյուրներ չկան, Ձեր կարծիքով որքանո՞վ կարող է այս լուրը հավաստի լինել, հաշվի առնելով նաև Հայստանում Հնդկաստանի դեսպանի հայտարարությունը այն մասին , որ ինքը տեղյակ չէ դրանից։

- Դժվար է որևէ բան հստակ ասել, քանի որ մեկ սկզբնաղբյուր կա այդ  ենթադրյալ գնման մասին, առանց շատ մանրամասների։ Օրինակ՝ պարզ չէ, թե հոդվածում հիշատակվող համազարկային կրակի ռեակտիվ կայանի կոնկրետ որ մոդելն է գնվել։ Նաև պետք է հասկանալ, որ այդ կայանների համար նախատեսված հրթիռներն արտադրվում են միայն Հնդկաստանում ու եթե ինչ-ինչ պատճառով Հնդկաստանը հետագայում հրաժարվի այդ հրթիռները վաճառել, այլ երկրից դրանք ստանալ հնարավոր չի լինի։ Ավելին այդ կայանները մարտական պայմաններում երբևէ չեն կիրառվել, ըստ այդմ հարցական է, թե ինչպես կաշխատեն մարտի դաշտում։ Մի խոսքով, բազմաթիվ հարցեր կան այս գնման վերաբերյալ, եթե այդ կայաններն ընդհանրապես հասնեն Հայաստան և չդառնան, օրինակ՝ Փաշինյանի գովազդած արբանյակի պես մի բան, որ 4 ամիս է՝ տիեզերքում է, բայց չեն կարողանում այդ արբանյակից նկարահանած գեթ մեկ լուսանկար ցույց տալ հանրությանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.