44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվածները կարող են օգտվել դրամական աջակցությունից. Արցախի բնակարանային հարցերով կոմիտեն ներկայացրել է դիմելու կարգը

44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով 40 հազար դրամական աջակցությանը դիմելու համար շահառու չհանդիսացած՝ հետագայում շահառու ճանաչված անձինք, ինչպես նաև այն շահառուները, ովքեր չեն հասցրել առաջին փուլով դիմել, կարող են օգտվել դրամական աջակցությունից՝ սեպտեմբերի 12-ից 18-ը ներառյալ https://statesupport.am/  կայքում հայտագրվելու միջոցով: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության բնակարանային հարցերով կոմիտեից:

 

Քանի որ աջակցության շահառու են համարվում բնակարանային ապահովման նպատակով ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում հաշվառվելու իրավունք ունեցող տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձինք, մեր այն հայրենակիցներին, ովքեր դեռևս փաստաթղթեր չեն հանձնել, հորդորում ենք հետևյալ փաստաթղթերը սեղմ ժամկետում հանձնել Կոմիտե.

 

-ընտանիքի չափահաս անձի անձնագրի (հաշվառման էջով) պատճենը.

 

-անչափահաս երեխայի ծննդյան վկայականի պատճենը.

-ընտանիքի անդամին հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատճենը.

-ամուսնության վկայականի պատճենը (ամուսնալուծված լինելու դեպքում՝ ամուսնալուծության վկայականի կամ ամուսնալուծության մասին դատարանի վճռի պատճենը).

-տեղեկանք ընտանիքի կազմի մասին.

-տեղեկանք մշտական հաշվառման և փաստացի բնակության վայրերից.

-բնակտարածքի (այդ թվում` պատերազմական գործողությունների հետևանքով կորցրած) սեփականության վկայականի պատճենը.

-ընտանիքի անդամի՝ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված լինելու դեպքում՝ անձի զոհվելու (մահանալու) մասին զինկոմիսարիատից կամ ԱՀ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը.

-ընտանիքի անդամի՝ անժամկետ հաշմանդամ ճանաչված լինելու կամ ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխա լինելու դեպքերում՝ հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

-ընտանիքի յուրաքանչյուր անդամին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքով պատկանող բնակտարածքի վերաբերյալ տվյալների, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո բնակտարածքի օտարման մասին տեղեկանք(ներ)ը.

-անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:

ԱՀ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության (ՀՀ-ում հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան ձեռք բերելու նպատակով) ծրագրի շահառուների՝ Կոմիտեում փաստաթղթեր հանձնելու անհրաժեշտություն չկա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.