Եթե պարզվի, որ 2 անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, ուրեմն ունենք 1 անհետ կորած քաղաքացի, փրկարար շները հիմա որոնում են նրան․ ԱԻ փոխնախարար

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, հիմա իրականացնում ենք հովացման որոշակի աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

«Ունենք 2 անհետ կորած, սակայն 16 զոհված քաղաքացիներից մեկի անձը նույնականացված չէ, և եթե 2 անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, ուրեմն ունենք 1 անհետ կորած քաղաքացի։ Մեր տեղեկությունների համաձայն` տվյալ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին գտնվել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ, հետևաբար հիմա որոնողական աշխատանքներ են իրականացվելու եռահարկ շինությանը մոտ տարածքում, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում այն իմաստով, որ շենքի փլուզման վտանգ կա։ Շենքի անմիջական հարևանությամբ կան փլատակներ, որոնողական աշխատանքներ ենք իրականացնելու այդ փլատակներում։ Մասնագետներ ենք հրավիրել նախարարության սեյսմիկ ծառայությունից և մասնավոր ընկերությունից»,- ասաց փոխնախարարը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ այսօր ավարվեն որոնողական աշխատանքները, փոխնախարարը ասաց․ «Քիչ հավանական է, որ այսօր կավարտվեն, կախված է նրանից, թե երբ կհայտնաբերենք քաղաքացուն։ Հիմա քննարկվում է, թե ինչպես կարող ենք մտնել շենքից ներս»։

Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ ներկա պահին փլատակների մաքրման 70%-ը իրականացվել է։

«Փրկարար շները հիմա որոնողական աշխատանքներ են իրականացնում, ունենք որոշակի տեղեկություններ, որ կորած քաղաքացին գնվում է շենքի մուտքի մոտ կամ շենքի առաջին հարկում։ Երբ ավարտվեն որոնողափրկարարական աշխատանքները, շենքը ամբողջությման կապամոնտաժվի»,- ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, այդ թվում՝ հղի կին և մանկահասակ երեխա: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.