Եռամսյա զորահավաքի զորակոչված 31-ամյա տղամարդը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են (լուսանկարներ)

Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական շրջանում՝ Սևանա լճում լողանալիս, ջրահեղձ է եղել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 30 հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները և թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանը:

Պարզվել է, որ ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն, նշված վայրում լողանալիս է եղել և՝ ըստ նրա հետ եղած քաղաքացիների, ջրահեղձ է եղել: Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ջրահեղձ եղած քաղաքացին եռամսյա զորահավաքի զորակոչված ծառայող է և նա իր մի քանի ընկերների հետ նավակով մտել են լիճ ու այդ ժամանակ նա հայտնել է, որ ցանկանում է լողանալ, նետվել է ջուրը, ու ջրահեղձ եղել:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի կայազորի քննչական վարչությունում վարույթ է նախաձեռնվել:

Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի 

 

 
   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.