ՌԴ խաղաղապահ զորախմբի վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները 2021-ին գրավոր փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը. ՀՀ ԱԳՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները 2021 թվականի փետրվարին գրավոր  փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը, ասել է  ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցին․

 

«Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»,- գրված է ԱԳՆ խոսնակի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին առ այն, թե արդյոք ՌԴ-ն անհրաժեշտություն է տեսնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատի վերաբերյալ առանձին հուշագիր ստորագրելու հարցում:

Լրագրողը մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա Կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունն առ այն, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր:

Փաշինյանն ասել էր, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում, ըստ Փաշինյանի, խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը:

Փաշինյանը չէր բացառել, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել խաղաղապահների մանդատը միջազգայնորեն հաստատելու, կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ:

Սրան ի պատասխան Լավրովն ասել է.«Ինձ համար դժվար է այս հարցին պատասխանել, քանի որ մենք չենք տեսել հստակ առաջարկներ, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործողության համատեքստում: Ուստի, չեմ կարող գուշակություններ անել: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կողմերից յուրաքանչյուրը, իհարկե, իրավասու է հանդես գալ հավելյալ նախաձեռնություններով, բայց առայժմ մենք որևէ առաջարկ չենք տեսել»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.