Իրանը դեմ է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխությանը․ Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր․ «Իրավունք»

«Իրավունք» օրաթերթը գրում է. ««Իրավունքի» զրուցակիցն է հայկական ծագմամբ իրանցի քաղաքական գործիչ, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Արա Շահվերդյանը:

 

— Պարոն Շահվերդյան, Իրանում որպես հայ պատգամավոր, ինչպե՞ս եք գնահատում հայ-իրանական հարաբերությունները: Հատկապես՝ հետպատերազմյան վերջին երկու տարիների ընթացքում:

 

— Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները թե՛ 44-օրյա պատերազմից հետո, թե՛ համավարակի բռնկման օրերին, արձանագրել են զարգացում: Մասնավորապես՝ առեւտրաշրջանառության ծավալները աճել են՝ հասնելով շուրջ 600 մլն. դոլարի: 

 

Քաղաքական առումով եւս երկու երկրները արձանագրել են հարաբերությունների զարգացման միտում, ինչի վկայությունն է իրանցի բարձրաստիճան պաշտնյաների հայաստանյան այցերը: Այդ թվում՝ Գլխավոր դատախազի, ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարի, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի, ինչպես նաեւ՝ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Թեհրան կատարած այցը, եւ բազում այլ երկկողմ հանդիպումներ: Դրանք փաստում են Իրանի եւ Հայաստանի միջեւ վերջին շրջանում արձանագրված հարաբերությունների խորացման միտման մասին: Եվ, նկատի առնելով տարածաշրջանային իրավիճակը եւ երկու երկրների միջեւ առկա խորը պատմական եւ մշակութային ընդհանրությունները, անհրաժեշտ է արձանագրել, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ առկա է հարաբերությունների խորացման կամք եւ վճռականություն: Իրանը եւ Հայաստանը, ի թիվս այլ ոլորտների, քայլեր են ձեռնարկում նաեւ մշակութային եւ հասարակական ոլորտների գործակցությունների զարգացման ուղղությամբ: Որպես օրինակ, պայմանավորվել են համատեղ մշակութային եւ հասարակական կապերի զարգացման ուղղությամբ նախաձեռնություններ իրականացնել, այդ թվում՝ քաղաքների միջեւ կապերի սերտացման ծրագրեր, քույր քաղաքների հռչակման նախաձեռնություններ եւ այլն: Իրանի համար Հայաստանը յուրօրինակ կամուրջ է համարվում ԵԱՏՄ-Իրան եւ ԵՄ-Իրան հարաբերություններում: 

Ինչ վերաբերում է վերջին շրջանին, ապա, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը տարածաշրջանային առումով եւս նոր իրողություններ թելադրեց: Մասնավորապես, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների կիրառման հետեւանքով ակնկալվում է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները նոր մակարդակի բարձրանան: Հատկապես նկատի առնելով փաստը, որ Իրանը երկար տարիներ է, ինչ դիմակայում է արեւմտյան պատժամիջոցներին: Այսպիսով, Իրանը կարող է գերտերությունների կողքին, հատկապես՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կողքին վերածվել տարածաշրջանային առավել կարեւոր գործոնի, ինչը կամրապնդի Իրանի կարեւոր ազդեցությունը տարա ծաշրջանում:

— Ի՞նչ աշխարհաքաղաքական զարգացումներ ակնկալել Պուտինի եւ Էրդողանի՝ Իրան այցից հետո:

— Անհրաժեշտ է ընդգծել «Աստանայի գագաթաժողովի» շրջանակներում Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումները եւ հատկապես Իսլամականհեղափոխության առաջնորդի՝ այդ ուղղությամբ կատարած շեշտադրումները: Իսլամականհեղափոխության առաջնորդը հանդիպումների ընթացքում շեշտել է, որ եթե Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակելու քաղաքականություն լինի, ապա Իրանը դեմ կլինի նման որոշմանը, քանի որ այդ սահմանը հազարավոր տարվա վաղեմություն ունեցող հաղորդակցության ճանապարհ է:

Ինչ վերաբերում է երկու երկրների նախագահների Թեհրան կատարած այցին եւ «Աստանայի ձեւաչափով» գագաթաժողովի արդյունքներին ու ակնկալիքներին, ապա, գագաթաժողովի առանցքում եղել է տարածաշրջանային կոնֆլիկտներում երրորդ ուժերի միջամտության բացառման հարցը: Ինչպես Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների համատեղ հայտարարության տեքստում է ասվում, նրանք պայմանավորվել են ընդլայնել եռակողմ ձեւաչափը ե՛ւ գագաթաժողովի առանցքային հարցի՝ սիրիական խնդրի լուծման, ե՛ւ դրանից դուրս համագործակցության ծավալման քայլերով: Այդուհանդերձ, առանցքային էր հենց այդ օրերին Իրանի այն հայտարարությունը, որ դեմ է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.