Հանրությունը կմտածի՝ ուրեմն արգելելու դրդապատճառները նույնն են, ինչ Ադրբեջանում, Թուրքիայում, այլ բացատրություն չես կարող տալ. Քոչարյանը՝ Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու մասին պարզաբանման վերաբերյալ

Եթե պետությունն անձին արգելում է մուտք գործել, միջազգային իրավունքն ասում է՝ դու կարող ես դա չբացահայտել: Դա վտանգում է իմ անվտանգությունը, և վերջ: Բացատրություն չի պահանջվում: Օրինակ, Թուրքիայում և Ադրբեջանում նույն Մուրադ Փափազյանի մուտքն արգելված է: Իրենք հո բացատրություն չե՞ն տվել՝ ինչի համար: 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

 

Նախկին փոխարտգործնախարարի խոսքով՝ նախ ծիծաղելի է, երբ տրվում է նմանատիպ բացատրություն:

 

«Ավելին ասեմ. եթե բացատրություն չտային, նույնիսկ խորհրդավոր բան կլիներ: Հանրությունը կմտածեր: Մարդ կա՝ կմտածեր՝ Թուրքիայի ագենտն է: Բայց այս բացատրությամբ հայտնվում են լրիվ հիմար վիճակում: Ստացվում է՝ եթե սա է բացատրությունը, ուրեմն մարդը կամա-ակամա պիտի մտածի՝ ուրեմն արգելելու դրդապատճառները նույնն են, ինչ Ադրբեջանում և Թուրքիայում: Ուրիշ բացատրություն չես կարող տալ: Նետել են….Էդ ո՞ր ժողովրդավարական երկրում ձու ու լոլիկ չեն նետում: Դրա համար մարդկանց վտարո՞ւմ են երկրից, ասում են՝ իրավունք չունե՞ս այս երկրում լինել: Այսինքն՝ էս մեր ժողովրդավարության բաստիոնն է դրա մասին խոսում»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

 

Քոչարյանը նշեց՝ ժողովրդավարությունը գեղեցկության մրցույթ չէ, որ պետությունը կիսամերկացնես, հանես բեմահարթակ:

«Սրանց պատկերացումը դա է: Ժողովրդավարությունն ընդամենը միջոց է, մեխանիզմ քո պետությունը արդյունավետ դարձնելու համար, քո պետության յուրաքանչյուր անհատի՝ հարգանքի արժանանալու համար: Այսինքն՝ ժողովրդավարությունը միջոց է, իսկ իրենք հռչակում են ինքնանպատակ: Ավելին, կատարում են ճիշտ հակառակը, ինչ պահանջում է ժողովրդավարությունը: Այ սա է… Նպատակ, միջոց… Ամեն ինչ խառնվել է… Ո՞րն է նպատակը: Պետությունն էլ ինքնանպատակ չէ: Որ ասում են՝ հանուն պետության, պետությունն ինչի՞ համար է: Պետությունն էլ միջոց է, ժամանակակից աշխարհում հզոր մեխանիզմ է քո ազգային շահերին հետամուտ լինելու համար: Այ սա է պրոբլեմը: Միջոցը դառնում է ինքնանպատակ, աղավաղվում է, և իմ ասած օրինակով՝ պետությունը դուրս են բերում բեմահարթակ, ասում՝ սա է ժողովրդավարությունը, ու մի այլանդակություն է այնտեղ երևում, որ մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում»,- նշեց Շավարշ Քոչարյանը

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.