Կրթության և գիտության ոլորտները ՀՀ կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներից են․Արայիկ Հարությունյանը մասնակցել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են աշխարհի շուրջ 70 երկրից ժամանած թիմեր, պատվիրակություններ, հյուրեր: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

 

 «Կառավարության հարգելի անդամներ,

 

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

 

Կենսաբանության միջազգային կազմկոմիտեի հարգելի նախագահ,

Հարգելի ներկաներ, հյուրեր, Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի սիրելի մասնակիցներ,

 Շնորհավորում եմ բոլորիս կենսաբանության միջազգային օլիմպիադայի բացման առիթով, որը կայանում է Հայաստանի Հանրապետությունում:

 Այս կարևոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու պատիվն ընձեռվել է դեռևս 2018 թվականին Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի որոշմամբ: Մենք ստանձնել ենք այս պատասխանատվությունը մեծագույն պատրաստակամությամբ ու նախաձեռնությամբ:

 Իբրև այն ժամանակ կրթության և գիտության նախարար՝ պատիվ եմ ունեցել ստորագրել օլիմպիադայի անցկացման հուշագիրը և ուրախ եմ, որ մենք եղել ենք հետևողական՝ չնայած վերջին տարիների բոլոր խնդիրներին և մարտահրավերներին, և այսօր կենսաբանության միջազգային օլիմպիադան արդեն իսկ իրողություն է դառնում մեր երկրում:

 Կրթության և գիտության ոլորտները Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներից են, և կառավարությունը հանձնառու է՝ ապահովել այս ոլորտների շեշտակի և որակական զարգացումը: Հատկապես բնագիտության զարգացումը հնարավորություն է ընձեռելու դիմակայելու ժամանակի մարտահրավերներին: Համոզված ենք, որ զարգացած մարդկային ռեսուրսն է ապահովելու ինչպես կրթական համակարգի, այնպես էլ բարձր տեխնոլոգիական և ռազմավարական նշանակության ոլորտների զարգացումն ամբողջ աշխարհում:

 Կայուն զարգացման և համընդհանուր բարեկեցության հնարավոր է հասնել միայն գիտության շնորհիվ: Վստահ եմ, որ այսօր օլիմպիադային մասնակից շատ երիտասարդներ իրենց ճանապարհն են ընտրելու գիտության ասպարեզում և իրենց ներդրումն են բերելու համաշխարհային զարգացման գործընթացում:

 Կենսաբանության միջազգային օլիմպիադայի անցկացումը հավաստումն է Հայաստանում գիտության և կրթության ոլորտի կարևորության և առաջնահերթության: Իսկ կենսաբանությունը, որպես առանձին ճյուղ, առավել քան առանցքային է. այն բժշկության հիմքն է, որտեղ հայ մասնագետները հայտնի են իրենց՝ համաշխարհային մակարդակի ներդրմամբ:

 Վստահ եմ, որ ապագայում դեռ բազում առիթներ ենք ունենալու բարձրաձայնելու այսօրվա մասնակիցների անունները և հպարտանալու նրանցով:

 Օլիմպիադայի կազմակերպիչներին, աջակիցներին, հյուրերին և հատկապես մասնակիցներին մաղթում եմ հաջող ընթացք, առողջ և արդար մրցակցություն, և Հայաստանը վայելելու գեղեցիկ օրեր»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.