Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանից ներողություն չի խնդրի․ «գրիչի» գործով վճիռը բեկանվել է

Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով վարչապետը պարտավորվում էր ներողություն խնդրել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից։  Այս մասին տեղեկանում ենք datalex.am դատական տեղեկատվական համակարգից։

 

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Լևոն Գրիգորյանի, Արման Կուրեխյանի, բավարարել է Նիկոլ Փաշինյանի բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները և հայցը բավարարել է մասնակի։ Դատարանի վճռում ասվում էր․

 

«Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:

Մեկ այլ որոշմամբ դատարանը մերժել է Թովմասյանի հայցը ներողություն խնդրելու վերաբերյալ:

Դատարանը Հրայր Վարդանի Թովմասյանի հայցապահանջը՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Ներողություն եմ խնդրում Հրայր Թովմասյանից» վերնագրով գրառում կատարելու եղանակով հրապարակայնորեն ներողություն խնդրել Հրայր Թովմասյանից՝ այդ գրառման մեջ նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Հրայր Թովմասյանից 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում հրավիրված ասուլիսի ժամանակ հնչեցված, ինչպես նաև «facebook.com» սոցիալական կայքի իմ պաշտոնական էջում Հրայր Թովմասյանի վերաբերյալ 2020 թվականի հունվարի 26-ի գրառման մեջ կատարված՝ Հրայր Թովմասյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար», ինչպես նաև պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնն օկուպացված լինելու վերաբերյալ իմ պնդումը», որոշել է մերժել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր Հրայր Թովմասյանի գրիչը և հյատնել, որ դա իր տեսած «ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայությունն է»:

«Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»:

Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար: Ինչեւէ, հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: Չընդունեցի»,-ասել էր Փաշինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.