Բերձորի և Աղավնոյի բնակիչները,բնակվելով իրենց բնակավայրերում, միևնույն ժամնանակ համարվում են տեղահանված. Արցախի ՄԻՊ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը վստահեցնում է, որ մինչ այս պահը Բերձորից, Աղավնոյից եւ Սուսի բնակավայրից բնակիչներին տարհանելու ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում:

 

— Ընդամենը խոսակցություններ են, որ նրանց ժամանակ է տրված, որ դուրս գան իրենց տներից: Կոնկրետ վերոնշյալ համայնքների ներկայացուցիչների հետ խոսել եմ, այդ ուղղությամբ որեւէ տեղեկություն չկա, որ նրանց ասել են, թե տեղահանվեք:

 

— Իսկ եթե ասելու դեպքում էլ չհամաձայնեն դուրս գալ, ի՞նչ պետք է լինի նրանց հետ` գերեվարվելո՞ւ են Ադրբեջանի կողմից։

 

— Հնարավոր չեմ համարում որեւէ իրավիճակ, որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն ադրբեջանցիների մոտ: Թե ինչպես կկազմակերպվի նրանց տեղափոխումը, արդեն կտեսնենք իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերում: Այս առումով ՄԻՊ աշխատակազմը նաեւ ներգրաված կլինի: Նրանց հետագա ճակատագրի հետ կապված` միանշանակ առաջնային պարտավորություն հենց Արցախի կառավարությունն է կրում:

— Ո՞ւր են գնալու այդ բնակավայրերի բնակիչները, ո՞վ է հոգալու նրանց կեցությունը:

— Առաջին հերթին` հենց արցախյան իշխանությունները պետք է տեր կանգնեն իրենց քաղաքացիներին եւ նրանց ճակատագրին: Պետք է ասեմ, որ այսօր էլ ե՛ւ Բերձորի, ե՛ւ Աղավնոյի բնակիչները զուտ իրավական տեսանկյունից նույն արտոնություններից են օգտվում, որոնք սահմանված են բոլոր տեղահանված անձանց համար: Այսինքն` նրանք, ըստ էության, բնակվելով իրենց բնակավայրերում, միեւնույն ժամնանակ, այսպես ասած, համարվում են տեղահանված անձինք: Պետական ծրագրերը, որոնք գործարկվել են բռնազավթված տարածքներից տեղահանված անձանց նկատմամբ, նաեւ գոր- ծարկվել են Բերձորի եւ Աղավնոյի բնակչության նկատմամբ:

— Կա՞ որոշում, թե Բերձորի ու Աղավնոյի բնակիչները ո՞ւր են տեղափոխվելու։

— Որոշակի տեղեկություն ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է, որ եթե, ի վերջո, այդ ճանապարհային փոփոխությունն արդեն իրականացվի, Աղավնոյի բնակչությանը պետք է տեղավորել Հին Շեն եւ Մեծ Շեն համայնքներում: Իսկ կոնկրետ Բերձորի բնակիչների մասով գործելու է այն նույն ծրագրերը, որոնք գործում են այլ տեղահանված բնակիչների նկատմամբ: Ի դեպ, քաշաթաղցիների մասով կա ՀՀ–ում բնակարան ձեռք բերելու հնարավորություն` ստեղծված արտոնյալ վարկավորման ծրագրի շրջանակներում, ինչը բավականին խնդրահարույց է` սահմանված գումարի, կանխավճարի մուծման տեսանկյունից, որի վերաբերյալ վերջին շրջանում քննարկում ունեցանք հենց տեղահանվածների հետ: Այդ հարցերը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, եւ հնարավորության շրջանակներում բարձրաձայնում ենք ու փորձում կարգավորումներ տալ:

— Կա՞ն տեղեկություններ, թե առաջարկվող այդ ճանապարհային փոփոխության աշխատանքներն ինչ փուլում են:

— Հայաստանյան կողմը դեռեւս ճանապարհաշինարական գործողություններ այդ հատվածում չի իրականացրել: Ասել, որ ադրբեջանական կողմը ավարտել է ճանապարհաշինարական աշխատանքները, դա էլ ճիշտ չէ: Այս պահին դեռեւս ճանապարհը պատրաստ չէ: Կարծում եմ` կոնկրետ այս հարցի վերաբերյալ ռուս խաղաղապահների դիրքորոշումն է ամենակարեւորը լինելու` պայմանավորված այն հանգամանքով, որ, ըստ նաեւ եռակողմ համաձայնության, նրանք պետք է այսօրվա գործող միջանցքից տեղակայվեն նոր կառուցված ճանապարհի վրա: Այսինքն` բանակցությունների ընթացքում նրանք պետք է երաշխավորեն անվտանգությունը:

— Ի՞նչ կասեք Արցախում բջջային կապի արդեն պարբերական բնույթ կրող խափանումների մասին:

— Իրականացվել է կոնկրետ փորձաքննություն Արցախի ամբողջ տարածքում, եւ հայտնաբերվել է, որ խափանումները տեղի են ունենում Ադրբեջանի կողմից Շուշիում տեղակայված խլացուցիչներով: Եթե նախկինում հիմնականում կապը խափանվում էր այն օրերին, երբ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաներ էին այցելում բռնազավթված Շուշի, ապա վերջին ժամանակահատվածում այդ խափանումներն ուղղակի մշտական են:

— ՔՊ–ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարում է, որ ոչ միայն ազատագրված շրջանները, այլեւ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է...Բերձորը, Աղավնոն ադրբեջանական են: Չե՞ք կարծում, որ սա ներազգամիջյան ատելության խոսք է, որին եթե ոչ Հայաստանի, գոնե Արցախի ՄԻՊ–ը պետք է արձագանքի:

— Ազգամիջյան ատելության հետ կապված մի քանի անգամ հանդես եմ եկել հայտարարություններով, այդ թվում` անդրադարձել Վիգեն Խաչատրյանի` դեռեւս նախընտրական շրջանում արած մի շարք հայտարարությունների»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.