Սուսում բնակիչ չունենք, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը, իսկ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արայիկ Հարությունյան

Արցախի խորհրդարանում այսօր ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը դիմելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ ասաց, որ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, Լաչինի միջանցքով երեք տարվա ընթացքում պետք է նախագծվեր այլընտրանքային ճանապարհի պլանը՝ համաձայնեցնելով կողմերի հետ:

 

«Ներկայումս մեզ հրամցնում են մի ճանապարհ, որը Լաչինի միջանցքի երկայնքով է և դուրս է 5 կիլոմետր լայնությունից, որի պատճառով էլ ի հայտ է եկել Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների հայաթափման հարցը: Հայաստանի վարչապետն ասում է, որ այս երթուղու ընտրության հարցում ԱՀ իշխանությունները ներգրավված են եղել և մենք առաջնորդվել ենք իրենց նախընտրություններով: Արդյոք այս նոր կառուցվող ճանապարհը կապ ունի՞ 6-րդ կետում նկարագրված ճանապարհի հետ, թե՞ սա այլ ճանապարհ է, միգուցեև բարձրակարգ: Ձեր կողմից տրվե՞լ է համաձայնություն, ե՞րբ և համաձայնություն տալուց առաջ նկատի ունեցե՞լ եք նշված բնակավայրերի հայաթափման հարցը»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

 

Ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասաց․ «Կապված երթուղու հետ, մենք ունեցել ենք մի քանի առաջարկություն՝ և Ադրբեջանի կողմից, և ՌԴ-ի կողմից. բոլոր առաջարկությունները մերժվել են: Գործող մայրուղին, ավելի ճիշտ առաջարկվողը, քննարկվել է մի քանի անգամ՝ Անվտանգության խորհրդում, որին մասնակցել են ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական ուժերը: Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը: Կան գաղտնիքներ, որոնք ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել: Ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով անվտանգային հետագա մեր խնդիրը: Ճանապարհն ավարտվելուց հետո, մենք հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքն ասելու՝ որակի առումով համապատասխանո՞ւմ է այն ստանդարտներին, որը մենք ենք ուզում, արդյոք լինելու է անվտանգ, իսկ իմ կարծիքով՝ շատ ավելի անվտանգ է լինելու՝ բազմաթիվ անվտանգային խնդիրներ հաշվի առնելով»:

 

Հարությունյանը խոստացել է անվտանգային մանրամասները փակ դահլիճում ներկայացնել: Ինչ վերաբերում է հայաթափման մասին պատգամավորի հարցին, Արայիկ Հարությունյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել եւ, որ խոսքը միայն Աղավնո բնակավայրի մասին է, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտարարության 6-րդ կետում գրված է, որ մենք պետք է Բերձոր քաղաքից դուրս գանք: Իսկ Աղավնոյի մասով՝ ԱՀ իշխանությունները բանակցությունները շարունակում են տանել: «Մենք որևէ մեկին չենք ասել՝ դուրս եկեք Բերձորից։ Սուս գյուղում մենք այսօր համարյա բնակիչ չունենք, նաև, որքան գիտեմ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Բերձորի և Սուսի բնակիչները ստացել են իրենց համապատասխան փոխհատուցումները: Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք: Բերձորում մեր հայրենակիցների հետագայում ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը»:

Մետաքսե Հակոբյանը այդ պատասխանից փաստեց, որ 6-րդ կետի շրջանակներում չէ այն, ինչը որ կատարվել է և կրկին մեջբերեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած հայտարարությունները, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ՝ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նիկոլ Փաշինյանի ասածներից ելնելով՝ պատգամավորը նկատեց, որ ՀՀ վարչապետն ամեն կերպ փաստում էր, որ յուրաքանչյուր հարց քննարկվել է ԱՀ իշխանության հետ ու հետաքրքրվեց՝ եթե ամեն բան պարզ է եւ ամեն բան համաձայնեցրել եք, ինչո՞ւ հանրությանը չեք տեղեկացնում՝ ի՞նչ է իրենց սպասվում «Աղավնոյի հետ կապված ՀՀ վարչապետի հետ քննարկման ժամանակ ասացի՝ բանակցություններ ենք տանում, թողեք մեր բանակցային շրջանակներում տեսնենք, թե ի՞նչ հնարավորություններ կան»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ հարցը երբեք գաղտնի չի եղել, ՀԿ-ների, քաղաքական ուժերի հետ բոլոր հանդիպումներում մայրուղու թեման միշտ քննարկել են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.