Ալիևի հռետորաբանությանը սառը ցնցուղ է տարբեր մարդկանց համար, որպեսզի տեսնեն իրականությունը, իսկ իրականությունն այն է, ինչ ասում է Ալիևը. Դավիթ Բաբայան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ «Արցախի հիմնախնդիրը եւ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» աշխատության շնորհանդեսը: «Իրավունքի» հետ զրույցում Արցախի արտաքինգործերի նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ աշխատությունը պարունակում է Արցախի մասին փաստեր եւ խորհուրդներ` առանցքային գաղափարների եւ բանալի հասկացությունների վերաբերյալ:

 

–Պարոն Բաբայան, կբացե՞ք փակագծերը, թե այս աշխատությունն ընթերցելով` ինչ նոր մանրամասներ կբացահայտի ընթերցողն Արցախի հիմնախնդրի վերաբերյալ։

 

– Սա արտաքինգործերի նախարարության կողմից պատրաստված մի փոքր հանրագիտարան է, որը կառուցված է փաստերի եւ խորհուրդների փիլիսոփայության վրա: Այսինքն` համապարփակ ձեւով անդրադարձ կա արցախյան հիմնախնդրին, պատմական մասին, իրավական, քաղաքական հարցերին, Արցախի արտաքին քաղաքականությանը եւ մարդասիրական ասպեկտներին: Ներկայացված են բոլոր կարեւորագույն հասկացությունները: Իսկ խորհուրդները վերաբերում են նրան, թե ինչպես պետք է դիմակայենք եւ ինչ ձեւով ներկայացնենք այն թեմաները, որոնք Ադրբեջանը շահարկում է: Որպես խորհուրդ` տրվում է այս կամ այն տարբերակը, որը օդից չէ, հիմնված է փաստերի վրա: Կարծում եմ` սա օգտակար կլինի քաղաքական, հասարակական շրջանակներին, ԶԼՄ–ներին, ուսանողներին, գիտակրթական հաստատություններին: Ինչ–որ տեղ այն կարելի է համարել ուղեցույց–հանրագիտարան:

– Ի վերջո, հիմա հայկական կողմն ինչի՞ շուրջ է բանակցում` Արցախի կարգավիճակի՞, թե զուտ արցախցիների ինչ-որ իրավունքների, ինչպես ասում էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

– Շառլ Միշել ի հայտարարությունից հետո եղավ Արցախի կոշտ պատասխանը, ինչին հաջորդեցին նրա եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից շտկումները: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ եթե դու սկզբունքային ես, կարող ես շատ բան փոխել: Ինչ վերաբերում է ձեր ասած` «զուտ արցախցիների ինչ-որ իրավունքներին», գիտեք, իրավունքներ եւ ազատություններ ունեին նաեւ համակենտրոնացման ճամբարում գտնվող մարդիկ` քայլել ու, մի քանի րոպե քնելու եւ այլն: Մեր ազատություններն ու իրավունքները չեն կարող որեւէ ձեւով եւ որեւէ կարգավիճակով ապահովվել Ադրբեջանի կազմում: Սա կարմ իր գիծ է, որը մենք չենք խախտելու եւ թույլ չենք տալու որեւէ մեկը խախտի: Ադրբեջանը պնդում է իրենը` ասելով, որ Արցախ գոյություն չունի: Մենք մերն ենք ասում, եւ մեզ հետ համաձայն են ԵԱՀԿ ՄԽ–ն ու միջազգային հանրությունը:

– Դեռ հույսեր կապո՞ւմ եք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի հետ, թե՞ այն ավարտված էտապ է Արցախի հիմնախնդրի լուծման հարցում:

– Այո՜, այն սառեցված վիճակ ում է, բայց, այնուամենայնիվ, այդ հարթակը գոյություն ունի: Կարճ ժամկետում հասնել կարգավորման չի հաջողվի: Հետեւաբար, պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ համապարփակ եւ վերջնական կարգավորումը հեռավոր ապագայի գործ է: Դրա համար պետք է պահպանել եւ փայփայել Արցախը: Դե ֆակտո Արցախի անկախությունը պահպանելու հնարավորություններ կան:

-Այս օրերին թիվ մեկ քննարկման թեման է դարձել այն, թե ինչ է սպասվում Բերձորին ու Աղավնոյին հուլիսի 1-ին: Ի՞նչ վտանգներ եք տեսնում այս առումով:

– Եթե խոսքը ճանապարհի մասին է, այն երկար գործընթաց է: Այլընտրանքային ճանապարհի հարցն ամրագրվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Բայց, իհարկե, հուլիսի 1-ը չի կարող լինել ինչ-որ մի հատուկ օր: Դեռեւս շատուշատ գործեր կան, եւ դրանք ավարտված չեն ու, դժվար թե, գոնե մոտակա ժամանակահատվածում ավարտին հասցվի: Շինարարությունը ժամանակ է պահանջում, եւ եթե նույն իսկ այլընտրանքային ճանապարհ կառուցվի, այն պետք կլինի ստուգել: Եթե խնդիրներ լինեն, լրացուցիչ շինարարական աշխատանքներ կպահանջվեն:

– Այդուհանդերձ, այդ հատվածներում ապրող արցախցիներին տեղահանություն սպասվո՞ւմ է:

– Դեռեւս չեմ կարծում, որ հարմար պահն է խոսել այդ մասին, քանի որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծենք: Մարդիկ Բերձորում եւ Աղավնոյում ապրում են: Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը:

– Ի՞նչ կասեք Փարուխի դեպքերի մասին: Ըստ էության, տեղի ունեցածի մեղքը որոշ շրջանակներ հետեւողականորեն փորձում են գցել ռուս խաղաղապահների վրա:

– Ասում են, թե ռուսական կողմը չի կատարել իր պարտավորությունները: Բայց արդյոք մենք իրավունք ունենք քար նետել ինչ-որ մեկի, հատկապես այն երկրի դեմ, որից կախված է մեր անվտանգությունն ու ապագան: Որքան ուզում են թող սիրեն Արեւմուտքին, բայց սա չի նշանակում, թե պետք է ատել Ռուսաստանին: Հանձին Ադրբեջանի` ունենք մի երկիր, որտեղ հայատյացությունն ու ահաբեկչությունը բարձրացվել են պետական քաղաքականության մակարդակի: Սա տեսնում են նաեւ խաղաղապահները, որոնք նույնպես թիրախներ են դարձել: Փարուխի դեպքը հարված էր ոչ միայն հայերին, այլեւ ռուս խաղաղապահներին: Հասկանալով այս ամենը` մենք, այնուամենայնիվ, փորձում ենք մեղադրե՞լ: Ո՞վ է շահում դրանից, իհարկե` հակառակորդը: Ինչպե՞ս կարող է պատահել, որ հայը խփի նույն թիրախին, ինչ եւ թշնամին: Ռուսաստանը մեր բարեկամն է, եւ սա չի նշանակում, թե ԱՄՆ-ն թշնամի է: Կա Սփյուռքը, եւ մենք պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, որտեղ Սփյուռք կա: Իսկ Փարուխի դեպքը ահաբեկչական ակտ է, հարված թե՜ մեզ, թե՜ խաղաղապահ առաքելությանը, եւ սա անպատասխան չի մնա:

– Պատրաստվենք նոր պատերազմի՞, թե՞ ստացվելու է այս անգամ կլոր սեղան ի շուրջ հարցերը լուծել:

– Ամեն ինչ կախված է մեզնից: Ընդհանրապես, հիմա ավելի մեծ է դիվանագիտության դերակատարությունը եւ ճիշտ աշխարհաքաղաքականություն վարելը, թեպետ միշտ եղել է այդպես: Հետեւաբար, պատերազմ սկսելն այդքան էլ հեշտ գործ չէ: Եթե ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, պատերազմի հավանականությունը կարող ենք հասցնել գրեթե զրոյականի:

– Ալիեւը Բաքվի Գլոբալ 9-րդ ֆորումի բացման ժամանակ` վտանգավոր ու ապակառուցողական համարեց Արցախի կարգավիճակի մասին հնչող հայտարարությունները: Ըստ նրա, եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել կարգավիճակ ի հարցը, այն կարող է հանգեցնել նոր առճակատման: Ավելին` նա Զանգեզուրի եւ հայաստանյան մյուս տարածքների վերաբերյալ իր նկրտումների մասին եւս չի թաքցրել: Այսքանից հետո` որքանո՞վ է տեղին խոսել «խաղաղության դարաշրջանի» բացման մասին:

– Իհարկե, Ալիեւի հռետորաբանությանը պետք է միշտ հատուկ ուշադրությամբ հետեւել, թե ինչ է ասում, բայց սա նաեւ սառը ցնցուղ է տարբեր մարդկանց համար, որպեսզի տեսնեն իրականությունը: Իսկ իրականությունն այն է, ինչ ասում է Ալիեւը` արտահայտելով իր ծրագրերը, զգացմունքները, որոնք հիմնված են ատելության եւ ծավալապաշտության վրա: Մենք սա երբեք չպետք է մոռանանք:

– Հայաստանյան իշխանությունը կաշկանդվում է ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ինչպիսի՞ն է այս հարցում արցախյան իշխանությունների դիրքորոշումը:

– Ոչինչ, մենք կասենք, ի՞նչ տարբերություն` միանշանակ է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու երբեք: Այդ էջը փակված է: Կարծում եմ` հայ ժողովուրդը եւ պաշտոնական Երեւանը սա հիանալի հասկանում է: Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.