Բաժին : Աշխարհ/Տարածաշրջան
Ռուսաստանը հուսով է, որ կկարողանա Թուրքիային համոզել Սիրիայում նոր ռազմական գործողություն չանցկացնել
Ռուսաստանը շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ՝ կապված այս երկրի կողմից Սիրիայում ծրագրված ռազմական գործողության հետ և հույս ունի քաղաքական և դիվանագիտական միջոցներով համոզել Անկարային՝ հրաժարվել այն իրականացնելու ծրագրից: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Մենք դրա հույս ունենք»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին առ այն, թե հնարավո՞ր է Թուրքիային համոզել հրաժարվել Սիրիայում ծրագրվող գործողությունից։
«Մենք շարունակում ենք երկկողմ շփումները թուրք գործընկերների հետ, մենք շարունակում ենք աշխատել նրանց հետ»,- հավելել է Բոգդանովը։
Երկուշաբթի ավելի վաղ TGRT հեռուստաալիքը հայտնել էր, որ թուրքական բանակը լիովին պատրաստ է Սիրիայում անդրսահմանային գործողություն սկսելու և այն սկսելու հրամանի է սպասում։ Ինչպես հայտնի է, Թուրքիան պատրաստվում է Սիրիայում ռազմական գործողության, որն ուղղված է լինելու Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևն օրերս արձագանքել էր Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը:
«Մենք կարծում ենք, որ դա խելամիտ քայլ չի լինի, քանի որ այն կարող է իրավիճակը ապակայունացնել»,- ասել էր նա՝ հավելելով, որ Մոսկվան Անկարային կոչ է անում հրաժարվել այդ քայլից և փորձել հարցը լուծել քաղաքական ճանապարհով: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նախազգուշացրել էր Անկարային, որ այս ամենը չի նպաստի Սիրիայի անվտանգությանը և կայունությանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Էրդողանը մեկնարկելիք ռազմական գործողության վերաբերյալ ասել էր հետևյալը. «Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն գոտիներ ստեղծելու համար»