«Կապիկների ծաղիկ» հիվանդության մուտքը Հայաստան կանխելու նպատակով արգելվել է պրիմատների և կրծողների ներմուծումը․ ՍԱՏՄ

Հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկների ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը և հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

 

Հիշեցնենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):

 

Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:

 

Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ռիսկի հավանական գործոններից է՝ համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդու սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման արդյունքում։

Հայտնի է, որ կապիկի ծաղիկը փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Վարակի դեմ մասնահատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է կապիկի ծաղկի արդյունավետ կանխարգելումը:

Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Չնայած այն փաստին, որ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթև, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1%-10%):

Կապիկի ծաղկի կանխարգելման նապատակով անհրաժեշտ է.

• խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից,

• չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ,

• կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է ինչպես այս, այնպես էլ՝ այլ վարակիչ հիվանդություններից,

• կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։

«Եթե ճամփորդել եք Աֆրիկայում կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ՝ մաշկի ցանավորման և այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել վարակաբանի խորհրդատվության»,- նշում են կենտրոնից։

Հայաստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.