«Շուտով հերթը Հայաստանինն է, եթե ուշքի չգանք, օգոստոսին Ալիևը կհասնի Սևան». Բերդաշենի բնակիչ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում ուշադիր հետևում են Երևանում ընթացող փողոցային պայքարին՝ իշխանության հրաժարականի պահանջով և ըստ Բերդաշենի բնակիչ Կամո Աղաջանյանի, եթե նույնիսկ այդ շարժումը չհաջողի, միևնույն է՝ իշխանությունը պետք է միշտ վախով ապրի՝ գիտակցելով, որ իր ստերն այլևս ակնհայտ են դառնում հանրության համար։

«Մենք հույսով սպասում ենք, որ այս փողոցային պայքարով օր առաջ այդ իշխանություններին կհեռացնեն։ Թեպետ այս իշխանություններին հեռացնելը քիչ է, դրանք պետք է անշիրիմ մնան, ինչպես անշիրիմ են մեր բազմաթիվ զոհերը։ Միայն դրանց հեռացնելուց հետո երկիրը երկիր կդառնա։ Դուք հասկանո՞ւմ եք, մենք ինչ էինք ու այսօր ինչ ենք դարձել։ Երբ իշխանափոխությանն ուղղված այդ պայքարը նայում եմ, տեսնում եմ, որ իշխանափոխությունը նոր-նոր է գաղափարապես հասունանում։ Մեր հանրության մի մասի մոտ ուղեղները ստամոքսների մեջ է, նրանք պետք է ուշքի գան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կամո Աղաջանյանը։

 

Ըստ նրա, այսօր Հայաստանի իշխանությունն օգտվում է ժողովրդի ծանր սոցիալական վիճակից և փորձում է նրանց «առնել», բայց ակնհայտ է, որ այդպես երկար շարունակել չի կարող։

 

«2018 թվականին ժողովրդին մեջ այնքան ատելություն կար, որ չգիտակցեց՝ ում է բերում իշխանության։ Այն ժամանակվա ղեկավար Սերժ Սարգսյանն էլ չպատկերացրեց, թե ում է տալիս իշխանությունը, և այս առումով ես նրան մեղադրում եմ։

 

Ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ եթե ուշքի չգանք, օգոստոսին Ալիևը կհասնի Սևան։ Թեպետ այժմ Արցախում իրավիճակը հանգիստ է, բայց անհանգստացնող շատ բաներ են կատարվում։ Օրինակ, այն, որ թշնամին խոչընդոտում է մեզ, որպեսզի իրականացնենք գյուղատնտեսական աշխատանք։ Այսօր 2600 նռան ծառ չեմ կարողանում մշակել, որովհետև հենց այգի ենք մտնում, թշնամին սկսում է կրակել։ Մենք սպասում ենք, որ խաղաղապահները գան կանգնեն, նոր սկսենք մեր այգին մշակել, բայց խաղաղապահը որ կողմ գնա։

Հիմա տեսեք՝ Հայաստանի իշխանություններն ինչ են հայտարարում, թե՝ վայ, շուտ անենք, թուրքի հետ սահմանը բացենք, էժան բենզին, պոմիդոր, փալաս-փուլուս բերենք, տնտեսություն զարգացնենք, քթներից մի մետր այն կողմ չեն տեսնում։ Գիտե՞ք՝ սա ինչի նման է, որ մեծ փոս է, վրան գորգը փռած, սրանք չեն ուզում տեսնել՝ այդ գորգի տակ ինչ է, ու ոտքը վրան են դնում»,- նշեց Կամո Աղաջանյանը։

Միաժամանակ նա ցավով արձանագրեց, որ հայ ժողովուրդը չի կարող կամ չի ուզում պատմությունից դասեր քաղել, չի ուզում հասկանալ, որ թուրքի հետ խաղաղության տանող իշխանությունն իրականում ժողովրդին սպանդի է տանում։

«Գոռում են, թե Վանա ծովը մերն է, այս խելքով եթե շարունակեն, վաղն էլ Սևանի մասին այդպես կասեն։ Լավ, մի՞թե մարդիկ չեն պատկերացնում, թե այս ամենի վերջն ինչ է լինելու։ Հիմա լավ են իրենց զգում, մի քիչ փող ունեն, ապրում են, 1-2 տարի հետո ո՛չ այդ փողը կլինի, ո՛չ էլ իրենց անհոգ կյանքը։ Նախիջևանը ձեզ օրինակ, որը Խորհրդային Միության ժամանակ մաքրվեց հայերից, շուտով հերթը Հայաստանինն է, ուշքի թող գան, հետո ուշ է լինելու»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Բերդաշեն համայնքի վարելահողերն ու այգիները գտնվում են թշնամու դիրքերից 100-200 մետր հեռավորության վրա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.