Փաշինյանը, չկարողանալով կողմնորոշվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, վերջում մերժվելու է բոլորի կողմից

Zham.am-ը գրում է․

 

«Լիտվայի նախագահի այցը տարածաշրջան ունի մեկ նպատակ, հորդորել Բաքվին և Երևանին, որ վերջիններս իրենց «խաղաղ» գործընթացը իրականացնեն Բրյուսելի, այլ ոչ թե Մոսկվայի քաղաքական հովանու տակ:

 

Այն, թե ինչ աստիճանի են սրված Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները, հայտնի է բոլորին: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստան-Արևմուտք միասնական քաղաքական հարթակը, որտեղ կընթանային հայ-ադրբեջանական բանակցությունները՝ այլևս գոյություն չի կարող ունենալ: Նույնիսկ նախկինում գործող Մինսկի ֆորմատն է այսօր փլուզվել:

 

Եվ, ահա, այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կողմնորոշվել, որ կարողանա բավարարել և Մոսկվային, և Բրյուսելին: Նրա և նրա կողմնակիցների այն պնդումները, թե պետք է «վերակենդանացնել» Մինսկի գործընթացը ոչ միայն ծաղրի է ենթարկվում, այլև սկսում է գրգռել, ընդվորում, և Մոսկվային, և Արևմուտքին:

 

Այս իրավիճակում Փաշինյանի գործողությունները նմանվում են ջղաձիք շարժումների:

 

Փաշինյանը ուզում է միաժամանակ դուր գալ և Մոսկվային, և Բրյուսելին, սակայն հայտնի է թե ինչ է ստացվում դրանից, երբ հաշվի ես առնում ներկայիս աշխարհաքաղաքական հակամարտության աստիճանը:

 

Առաջին անգամ Բրյուսելում հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, հենց Փաշինյանն առաջարկեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը Բրյուսելի հովանու տակ: Ոչ ոք չէր խնդրել, որ Փաշինյանն նման առաջարկով հանդես գար, սակայն նրա ցանկությունը ցույց տալ իր «նախաձեռնողականությունը»՝ դառը կատակ խաղաց իր համար:

 

Բրյուսելում այդ առաջարկը, բնականաբար, ողջունեցին, Իլհամ Ալիևն էլ համաձայնվեց Փաշինյանի առաջարկի հետ: Պայմանավորվեցին, որ ապրիլի վերջին երկու կողմերը կձևավորեն այդ գործընթացը սկսելու համար աշխատանքային խմբեր:

Սակայն ապրիլի 19-ին Փաշինյանի այցից հետո Մոսկվա, նա «մոռացավ» իր նախաձեռնության մասին: Ավելին, Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո, ռուսական կողմի ներկայացուցիչներից մեկը  հայտարարեց, որ «...սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը կարող է իրականացվել բացառապես նախկին խորհրդային քարտեզների հիման վրա...»:

 

Ավելին, Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչը մեղադրեց Արևմուտքին, նշելով, որ «...Բրյուսելը փորձում է անամոթաբար սեփականաշնորհել այս գործընթացը...»:

 

Այսպիսով Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո, ապրիլի վերջին Բրյուսելի հովանու տակ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները այդպես էլ չհանդիպեցին: Ավելին, չկայացան նաև մայիսի 7-ին նախատեսված իրենց հաջորդ հանդիպումը:

 

Արևմուտքում Փաշինյանի այս պահվածքը գնահատեցին, որպես անընդունելի: Հատկապես, որ հենց Փաշինյանն էր առաջարկել սկզբում այս գործընթացը սկսել, առանց Ռուսաստանի մասնակցության:

 

Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները հրապարակավ չեն հրաժարվում Բրյուսելի աջակցությունից, սակայն վախենում են, որ Մոսկվան սուր կարձագանքի, հատկապես եթե հաշվի առնենք, որ իսկզբանե հենց Մոսկվայի հովանու տակ էին ընթանում այդ բանակցությունները:

 

Եվ, ահա, օրերս  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «...Հայաստանը կողմ է, որ այս գործընթացը իրականանա Բրյուսելի հովանու տակ...»:

 

Այս ամենից հետո դիտորդները կանխատեսում են, որ Մոսկվայից հերթական «մեսիջը» ստանալուց հետո, նույն Արարատ Միրզոյանը կհայտարարի, որ առաջացել են հերթական «...տեխնիկական խոչընդոտները այս գործընթացը սկսելու համար...»:

 

Փաստացի ստացվեց, որ Փաշինյանն ինքն իրեն գցեց փոսը այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, և չի կարողանում այդ փոսից դուրս գալ, ձեռքի հետ հերթական անգամ վարկաբեկելով Հայաստանին, դարձնելով մեր երկիրը ֆուտբոլի գնդակ միջազգային խաղաղացողների ձեռքում:

 

Սա է իրականությունը»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.