Տեխնիկական հարցերը լուծում կստանան մոտ ապագայում. դատախազի տեղակալը՝ ԱՄՆ-ում Գագիկ Խաչատրյանի գույքը ՀՀ-ին վերադարձնելու մասին

Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով քննարկումները ԱՄՆ-ի գործընկերների հետ սկսվել են ավելի վաղ, քան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմավորումն էր։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, պատասխանելով  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե Գագիկ Խաչատրյանի գործով արդյոք Հայաստանի Հանրապետության դատախազությո՞ւնն է դիմել  ԱՄՆ-ի պատկան մարմիններին և եթե ապացուցվի, որ ապօրինի գույքի ձեռք բերման աղբյուր է հանդիսացել, այդ գումարը ի՞նչ մեխանիզմներով է վերադարձվելու Հայաստան։

 

«2019 թվականներից դեռևս քրեական գործի շրջանակում համապատասխան հարցումներ են ուղարկվել բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ նաև ԱՄՆ։ Եվ ԱՄՆ-ի գործընկերները պատրաստակամություն են հայտնել օգնելու Հայաստանի Հանրապետությանը այս հարցում»,- հավելեց Գալյանը։

 

Ինչ վերաբերվում է գույքի վերադարձմանը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարծում է, որ դեռ այդ մասին վաղ է խոսել, որովհետև ԱՄՆ-ում ևս որոշակի գործընթացներ պետք է իրականացվեն;

 «Իսկ վերադարձի հետ կապված քննարկումներ այսօր տեղի են ունենում և կշարունակվեն, տեխնիկական հարցեր են։  Կարծում եմ՝ լուծում կստանան ապագայում։  Ուզում եմ հավաստել, որ դատախազությունը, իհարկե, ունի ներգրավվածություն այդ գործում։ Եվ ԱՄՆ-ի կողմից վարույթի նախաձեռնման հիմքում ընկած է հենց դատախազության գործողությունների ամբողջությունը»,- եզրափակեց Գալյանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտը սկսել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը բռնագանձելու գործընթաց:

Բռնագանձման հայցի համաձայն՝ առանձնատունը ձեռք է բերվել  գումարով, որը հայ գործարարներից մեկը որպես կաշառք տվել է նախկինում ՀՀ-ում բարձր պաշտոն զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի ընտանիքին:

Հայցում, որը ներկայացվել է Կալիֆորնիայի շրջանային դատարան, ԱՄՆ-ը պնդում է, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու համար: Նշվում է, որ այդ գումարն օգտագործվել  է Լոս Անջելեսի Հոլմբի Հիլս թաղամասում առանձնատուն գնելու համար: Նշվում է նաև, որ այդ առանձնատունը վերջերս վաճառքի էր հանվել 63 միլիոն 500 հազար դոլարով:

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում Գագիկ Խաչատրյանին և նրա որդիներին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու հոդվածով, իսկ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ՝ կաշառք տալու հոդվածով:

Հաղորդագրության համաձայն՝ գործարքը հետաքննվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի Եվրասիական կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խմբի և ԱՄՆ Մարշալների ծառայության կողմից: ՀՀ գլխավոր դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը ցուցաբերել են առանցքային օգնություն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.