«Որևէ ոստիկան անտեղի չի հարվածի և անտեղի որևէ ծայրահեղ միջոցի չի դիմի. դրանք բացառիկ դեպքեր են». ՀՀ փոխոստիկանապետ

Արդյո՞ք ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն կա, քանի որ կան տեսանյութեր, որտեղ ոստիկանը քաղաքացուն բերման ենթարկելիս բռունցքով հարվածում է:

 

ԱԺ-ում լրագրողների այս հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը պատասխանել է՝ դրանք բացառիկ դեպքեր են, և, որ պետք է հաշվի առնել այն իրավիճակը, որը ստեղծվում է տվյալ պահին ծառայություն իրականացնող ոստիկանների հանդեպ:

 

«Որևէ ոստիկան անտեղի չի հարվածի և անտեղի որևէ ծայրահեղ միջոցի չի դիմի»,- շեշտել է Ֆիդանյանը՝ հավելելով, որ ինքնին բերման ենթարկելը ենթադրում է որոշակի ուժի կիրառում, քանի որ քաղաքացները բերման ենթարկվելիս ամեն կերպ դիմադրում են ոստիկաններին:

 

Ըստ փոխոստիկանապետի՝ հատուկենտ դեպքեր են եղել, երբ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել: Այսինքն, այն աղաղակումները, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում, այդպես չէ:

 

«Բացառիկ դեպքեր են, ունենք նաև ծառայողական քննություններ: Այս պահի դրությամբ 31 ծառայողական քննություն է իրականացվում, և ոչ միայն անհամաչափ ուժ կիրառելու մասով, այլ ոստիկանության տարբեր ծառայողների կողմից որոշ գործողությունների առնչությամբ: Նշեմ, որ 20 դեպքերով նախապատրաստվում են նյութեր, և 2 քրեական գործ արդեն իսկ հարուցված է՝ ոստիկանների գործողությունների առնչությամբ, 2-ն էլ հարվածելու հետ են կապված»,- մանրամասնել է փոխոստիկանապետը՝ հավելելով, որ այս ողջ ժամանակահատվածում ոստիկանությունը հիմնականում գործել է բարձր պրոֆեսիոնալիզմով, ցուցաբերել գրագետ ծառայություն:

Իսկ թե ինչ ասել է՝ ոստիկանն անտեղի չի հարվածի, Ֆիդանյանը պարզաբանել է՝ պետք է հաշվի առնել այն էմոցիոնալ ֆոնը, որն առկա է:

«Երեկ ականատես եղանք իրավիճակի, երբ որոշ անձինք, օգտվելով իրենց կարգավիճակից, խոչընդոտում էին ոստիկանության օրինական գործողությունները: Ես բնավ չեմ արդարացնում մեր ոստիկանության այն ծառայողներին, որոնք կարող են նման միջոցների դիմել, բայց պետք է հաշվի առնել նաև, որ ոստիկանները ևս մարդ են, տևական ժամանակ է՝ կատարում են գերլարված ծառայություն, և այդ ընթացքում արհեստական խոչընդոտները բավականին շատ են: Ընդամենը մեկ օրինակ ներկայացնեմ՝ արդյոք որևէ մեկի մտքով չի՞ անցել, թե ինչպես է ստացվում, որ ցուցարարների առաջին շարքերում միշտ հայտնվում են կանայք, պատգամավորները և ծերերը: Բնականաբար, այս առումով ոստիկանության գործողություններն ինքնըստինքյան սահմանափակվում են»,- նշել է ՀՀ փոխոստիկանապետը:

Ինչ վերաբերում է ոստիկանների ազատումներին, Ֆիդանյանն ասել է, որ դա մշտական գործընթաց է, այո, կան ազատվողներ, և դա ոչ ոք չի թաքցնում:

«Այս տարվա վերջում մենք արձանագրելու ենք ոստիկանությունից ավելի շատ դուրս եկած անձինք, քան նախորդ տարի: Բայց կան դրա պատճառները. առաջին՝ ձևավորվել է նոր հակակոռուպցիոն կոմիտե, և ոստիկանության որոշ աշխատակիցներ տեղափոխվում են այդ ծառայություն, երկրորդ՝ ուժի մեջ է մտնելու նոր քրեադատավարական օրենսգիրքը, և հետաքննությունը, որպես այդպիսին, վերանալու է, և ոստիկանության որոշ աշխատակիցներ իրենց ծառայությունը շարունակելու են քննչական կոմիտեում: Բայց որ աղաղակում են, թե ոստիկանությունում դժգոհություններ կան, ոստիկանները դուրս են գալիս ծառայությունից, դա տարրական մանիպուլյացիա է»,- շեշտել է ոստիկանության պաշտոնյան՝ հավելելով, որ ոստիկանության ստանալիք պարգևավճարը պայմանավորված է միայն շուրջ 20 օր գերլարված աշխատանքով, քանի որ իրավակարգավորումների համաձայն՝ հավելյալ վարձատրություն գիշերային և աշխատանքից դուրս ժամերի համար ոստիկանության աշխատակիցները չեն ստանում:

«Բնականաբար, ոստիկանությունը պետք է կարողանա այս դեպքում կատարել իր ծառայողների նյութաֆինանսական ապահովումը»,- եզրափակել է փոխոստիկանապետը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.