«Վերջին օրերին հանրային խոսույթում բարձրացվում է ծայրահեղ, անհանդուրժողական ու սադրիչ խոսքի մակարդակը»․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշատադիտարկումները ցույց են տալիս, որ հանրային խոսույթում, հատկապես՝ զանգվածային լրատվության միջոցներով ու սոցիալական ցանցերով, գնալով բարձրացվում է ծայրահեղ, անհանդուրժողական ու սադրիչ խոսքի մակարդակը։

 

Համացանցի ու մամուլի բևեռացված հեղձուկը, բռնության կոչերը, դրանց չդատապարտումը, դեռ մի բան էլ տարածումը, որպես բռնության դեպքեր նյութականանում են փողոցում՝ հանրության աչքի առջև։ Չկա տարրական նրբանկատություն անձանց վշտի ու կսկիծի նկատմամբ. քաղաքականացվում է բացարձակ ամեն բան, բոլոր կողմերից ու որքան հնարավոր է անխնա։

 

Ցավալի է արձանագրել, որ այդ գործում ակտիվորեն ներգրավված են գործող ու նախկին պաշտոնատար անձինք ու քաղաքական գործիչներ, ում գործը պետք է լինի պետության առջև ծառացած հսկայական մարտահրավերների լուծման ուղղությամբ շահագրգիռ քննարկումներ իրականացնելը։

 

Քննարկումներ, որտեղ երաշխավորված լսելի են տարբերվող ու հակադրվող կարծիքները, քննարկումներ, որոնք հարստացվում են տարբեր փորձագետների կարծիքներով, քննարկումներ, որոնք զերծ են գռեհկությունից, քննարկումներ, որտեղ ագրեսիայի, ավելի բարձր ու ավելի ծայրահեղ մի բան ասելու անզուսպ մղման փոխարեն հաղթում է փաստերի վրա հիմնված վերլուծությունը, տրամաբանությունը, միտքը և լուծումը։

 

Անձինք իրավունք ունեն իրացնել խաղաղ հավաքների, խոսքի ազատության և իրենց քաղաքական այլ իրավունքները։ Լինել քաղաքացի նշանակում է ունենալ իրավունքներ և դրանք իրացնել պատասխանատու կերպով։ Անձանց քաղաքական իրավունքների սահմանափակման փորձերը որևէ հասարակության լավ տեղ չեն տարել։

Հետպատերազմյան տրավմայից դուրս չեկած մեր հասարակության մեջ իր հարևանի, բարեկամի, ծանոթ ու անծանոթ հայրենակցի դեմ բռնություն ու լարում սադրելը ծայրահեղ անպատասխանատվություն ու դաժանություն է։ Հավասարապես անմարդկային է նման վարքագիծը հրապարակային չդատապարտելը, մեր կողքին կանգնած բռնարարի ձեռքը չբռնելը, բռնությունն ու ագրեսիան չմերժելը։ Մենք պառակտման, բևեռացման ու անխոհեմության «ճոխությունն» այլևս չունենք։

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.