Արցախում ադրբեջանցիներն ավտոմատի սպառնալիքով արգելել են խաղողագործներին աշխատել

Ադրբեջանական զինված ուժերն այսօր ավտոմատի սպառնալիքով Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի խաղողի այգիներում աշխատող գյուղացիներին հեռացրել են, չեն թողել աշխատել։ Այս մասին 24News-ին ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Գյուղապետն ասաց, որ ադրբեջանական դիրքերը շուրջ 20 հեկտար խաղողի այգիներից հեռու են մոտ 100 մետր։ «Մոտ 14 ադրբեջանցի է ավտոմատներով իջել դիրքերից, ասել են՝ «դուրս եկեք»։ Այգու մոտ ռուս խաղաղապահներ էլ են եղել»։ 

Աբրահամյանը նշեց, որ այս հարցով դիմել է Ասկերանի շրջանի ղեկավարին, որն էլ իր հերթին դիմել է Արցախի կառավարությանը։ «Սպասում ենք պատասխանի, անորոշ վիճակ է»։

«Գյուղացիների հիմնական ապրուստի միջոցը խաղողի այգիներն են, անասնապահությունը, բոստանաբուծությունն էին, հիմա չեն անում։ Արդեն չեն ցանում, խաղողի այգիները չեն մշակում, անասնապահություն չեն անում, արոտ չկա, գյուղացին ի՞նչ անի։ Հիմա թուրքերը եկել են, մեր արոտավայրերը վերցրել են, 1500 հեկտար արոտավայր ենք ունեցել այն ժամանակ [44-օրյա պատերազմից առաջ]: Հիմա չունենք, անասունը ո՞նց պահենք, հասնում է թուրքի մոտ, վերջ, էլ քոնը չէ», - ընդգծեց նա։

Երեկ Արցախի ոստիկանությունից հաղորդագրություն էին տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ: Ասկերանի շրջանային բաժնում ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում «բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ կատարելու ժամանակ, հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը»:

«Բաժնի պետ Արման Սարուխանյանի գլխավորությամբ դեպքի վայր են մեկնել շրջբաժնի ծառայողներն ու ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները», - նշված էր հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով երեկվա միջադեպին՝ Զորիկ Աբրահամյանն ասաց, որ տրակտորիստին վնաս չի եղել։ «Կրակոցներից հետո տրակտորիստը դուրս է եկել, չի աշխատել, հետո կրակոցները դադարել են», - եզրափակեց Խրամորթի գյուղապետը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.