Գարնանը Հայաստանի Հանրապետությունը կունենա նոր նախագահ

Խորհրդարանական Հանրապետության առաջին նախագահ Արմեն Սարգսյանն անսպասելիորեն հրաժարական ներկայացրեց, մինչդեռ օրր առաջ խոսում էր էներգետիկ ծրագրերից։ Ինչևէ, նրա հրաժարականն արդեն իրողություն է։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի` Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե հնարավոր չէ` վարչապետը: Այդ ընթացքում արգելվում է արձակել Ազգային ժողովը, նշանակել հանրաքվե, նշանակել կամ ազատել վարչապետին, գլխավոր դատախազին:
125-րդ հոդվածն էլ սահմանում է ՀՀ նախագահի ընտրության կարգը։

Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը:

Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Հիշեցնենք, որ  Սահմանադրությունը նախատեսում է արտահերթ ընտրության հետևյալ կարգը. Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն` Ազգային ժողովի կողմից: Նշված ժամկետի հաշվարկը սկսվում է ԱԺ համապատասխան հայտարարությունից հետո:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.