Բաժին : Մեկնաբանություն
Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան․ Աղասի Ենոքյան
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Հանրությանը երեւի ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչու նա հենց հիմա հրաժարական տվեց, քան՝ թե ինչու հրաժարական տվեց ընդհանրապես։ Որովհետեւ թե նրա, թե նրա ընտանիքի, թե նրա քաղաքական, կենցաղային ու գործակալական անցյալի մասին վաղուց են հնչել մտահոգություններ ու քննադատություններ, բայց Արմեն Սարգսյանը աներեսորեն այդ ամենը երկար ժամանակ հանդուրժում էր։ Ու հիմա հանկարծ որոշեց, որ պետք է հրաժարական տա։
Խորհրդանշական է, որ Արմեն Սարգսյանը իր հրաժարականը հնչեցրեց Լոնդոնից։ Հիշենք, որ նա բազմաթիվ քրեական սկանդալների մեջ կարող էր հայտնվել Երեւանում՝ սկսած անհասկանալի անձնագրից մինչեւ կոռուպցիոն հանգամանքներ։
Նրա շարունակական մուտքն ու ելքը ՀՀ քաղաքականության մեջ բացառապես պետք է պայմանավորել ԳՌՈՒ-ի ներգրավածության ինտենսիվության ամպլիտուդներով ու անհրաժեշտ կադրերի բացակայությամբ։
Արմեն Սարգսյանի հրաժարականը արդեն չի կարելի մեկնաբանել, թե Ռուսաստանի հատուկ ծառայությունները նրան կոնսերվացնում են հետագա գործողությունների համար. նա տվեց ինչ կարող էր։
Նիկոլը Արմեն Սարգսյանին հնարավորինս փչացրեց, անհնարին դարձնելով նրա հետագա գործակալական գործունեությունը։
Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան. կամ Կրեմլն այնքան է վստահում Նիկոլին, որ այլեւս նրան վերահսկող պետք չէ, կամ Նիկոլը անվերադարձ որոշել է թռնել ռուսների տակից եւ որոշել է Արմեն Սարգսյանին փոխարինել գռզոյաէդմոնահովիկաղազարյանական կարգի ինչ-որ բանով
Առավել հավանական է թվում երկրորդ տարբերակը։ Ոգեւորվելով Պուտինի սկսած ֆեյք «Սառը պատերազմի» անհեռանկարայնությամբ, ԱՄՆ ետթրամփական ակտիվությամբ մեր ռեգիոնում՝ ի դեմս Թուրքիայի սերժանտության, Նիկոլը փորձում է հնարավորինս ձերբազատվել Մոսկվայից եւ փորձում է իր համար ապահովել առավելագույն անձեռնմխելիությունը՝ նաեւ ազդեցության եւ գործողության մյուս ագենտներից ազատվելու գնով, եւ այդ պատճառով է պահանջել Արմեն Սարգսյանի հեռացումը։
Սա, թերեւս, սխալ հաշվարկ կարող է դուրս գալ եւ պրոթուրքական այս զեղումը՝ չնայած հզորագույն պահակախմբին, կարող է Նիկոլի համար թանկ արժենալ։
Էլ չեմ խոսում Հայաստանի Հանրապետության մասին»։