Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել, նրա համար երաշխավորել են ՔՊ 2 պատգամավոր և Արամ Զավենի Սարգսյանը․ Pastinfo.am

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, «Նավակ Ճոճող» մականունով հայտնի Վիլեն Գաբրիելյանը և Արամ Զավենի Սարգսյանը:

 

Այս մասին տեղեկացնում է Pastinfo.am-ը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, կայացել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, «Պատրոն Դավո»-ի՝ Դավիթ Գալստյանի և մյուսների գործով դատական նիստը։

 

Դատաքննության նախապատրաստման փուլում քննարկվել է ինչպես դատարանի ինքնաբացարկի, այնպես էլ՝ մեղադրող դատախազի բացարկի հարցը։ Դատարանը մերժել է երկու միջնորդություններն էլ և անցել կալանավորված ամբաստանյալների խափանման միջոցի քննարկմանը։ Ընդ որում, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը, դատարանը փորձել է ինքնաբացարկի հարցի քննությունից անմիջապես հետո քննարկել խափանման միջոցի հարցը, սակայն պաշտպանության կողմն առարկել է և պահանջել քննարկել դատախազի բացարկի հարցը։ Այդուհանդերձ, դատարանը մերժել է դատախազի բացարկի միջնորդությունը՝ նշելով, որ քննության այս փուլում նման ընթացակարգ Քրդատ օրենսգրքով նախատեսված չէ՝ այդպիսով զրկելով պաշտպանության կողմին՝ դատախազին բացարկ հայտնելու իրավունքից, ինչից հետո անցել է խափանման միջոցի հարցի քննարկմանը։ Նշենք, որ սույն գործով կալանավորված են Դավիթ Տոնոյանը, Ստեփան Գալստյանը, Ավետիք Մուրադյանը, Դավիթ Գալստյանը և Արտյոմ Համբարյանը։ Դատարանում այսօր քննարկվել է բոլոր մեղադրյալների խափանման միջոցի հարցը՝ բացի Ստեփան Գալստյանից, նրա խափանման միջոցի հարցը կքննվի վաղը՝ ժամը 11.00-ին։

Մեղադրող դատախազը պահանջել է անփոփոխ թողնել մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ դատախազն իր դիրքորոշումը ձևակերպել է՝ նշելով, որ նախաքննության ընթացքում ինչ դրվել է կալանքի հիմքում, դրանք շարունակում են առկա լինել, ավելացնելու ոչինչ չունի։

«Մենք սկսեցինք պաշտպանվել նրանից, ինչը կարող ենք ենթադրել։ Որևէ պատճառաբանված, հիմնավորված միջնորդություն դատախազի կողմից չներկայացվեց, թե ինչու պետք է շարունակեն մնալ կալանքի տակ։ Ենթադրում ենք, որ հենց խոչընդոտելու հիմքին է վերաբերում և հենց դրա ուղղությամբ ենք ներկայացրել մեր հակափաստարկները»,- նշեց Հովհաննիսյանը։

Պաշտպանության կողմն էլ պահանջել է՝ մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել այլ խափանման միջոցներով։

Մասնավորապես, Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել են՝ Տոնոյանի նկատմամբ կիրառել անձնական երաշխավորություն, նրա համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը և Արամ Զավենի Սարգսյանը։ Դավիթ Գալստյանի, Ավետիք Մուրադյանի, Արտյոմ Համբարյանի պաշտպանները միջնորդել են՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք Դավիթ Տոնոյանը դատական նիստին հայտարարությամբ հանդես եկել է, ինչին ի պատասխան փաստաբանը հայտնեց, որ, ըստ էության, պնդել է ներկայացված միջնորդությունները, նաև գործով անցնող մյուս անձանց վերաբերյալ խափանման միջոց կալանավորման շարունակականության վերաբերյալ դիրքորոշում ներկայացրել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.