Փաշինյանն ու Շառլ Միշելն Ալիևի հետ արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին` 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ ներդրվող հետևողական ջանքերի համար:

«Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակությունն ու ամրապնդումը: Կողմերն արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելն անդրադարձել են նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովի օրակարգին ու քննարկվող հարցերին: Կողմերը կարևորել են Արևելյան Գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացումն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը` ի նպաստ մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ու ժողովրդավարության ամրապնդման:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ երկուստեք ընդգծվել է վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում մեկնարկած բարեփոխումների ու այդ ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերի կարևորությունը: Այս առումով, Եվրոպական խորհրդի նախագահը շեշտել է ԵՄ պատրաստակամությունը` էլ ավելի խորացնելու և ընդլայնելու գործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունների կյանքի կոչման գործում;

ՀՀ վարչապետը և Շառլ Միշելն անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.