«Նոյեմբերի 9-ից հետո հանձնված Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի հարցն արտաքին քաղաքական օրակարգում որևէ տեղ չկա». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց 1 ամիս անց Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խծաբերդն ու Հին Թաղերը, հանձնվել են Ադրբեջանին, այնինչ դրանք նույն փաստաթղթով պետք է գտնվեին հայկական վերահսկողության ներքո։

 

«Անկախ այն գործընթացներից, որոնք այսօր ծավալվում են՝ քրեական գործեր, մեղադրանքներ և այլն, այս պարագայում կա մեկ պարզ ճշմարտություն՝ այս երկու գյուղերի հարցն արտաքին քաղաքական օրակարգում որևէ տեղ չի գտնվում։ Տեսե՞լ եք որևէ հանդիպում, որևէ ձևաչափում, լինի արտգործնախարարների թե երկրների ղեկավարների մակարդակով, որտեղ Հայաստանը կբարձրացնի այս երկու գյուղերի հարցը, կհայտարարի, օրինակ, որ այդ գյուղերն Ադրբեջանն ապօրինի կերպով բռնազավթել է, և դրանք պետք է անհապաղ վերադարձվեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը։

 

Ըստ պատգամավորի, այս իրավիճակում իշխանությունը փորձում է  քողարկել գլխավոր խնդիրը, որ նոյեմբերի 9-ից հետո տրվել են տարածքներ, որոնք իշխանությունն իրավունք չուներ հանձնելու։ Տրամաբանական չէ, այս ամենը բարդել այս կամ այն օղակի զինվորականների վրա։

«Իշխանության համար կա ցանկ, որտեղ ներառված են տարբեր զինվորականներ կամ քաղաքական գործիչներ, ըստ նպատակահարմարության՝ այդ ցանկն օգտագործվում է։ Օրինակ, եղել են դրվագներ, որ իշխանությունը և հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այսինչը այնինչ ճակատից փախել է, հետո հարուցվում է քրեական գործ, հետո դրանք կարճվում են։ Այսինքն՝ պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանն ապատեղեկատվություն է տարածել, դա միայն ապատեղեկատվություն չէ, նաև զրպարտություն է։ Պետք է ակնկալել, որ 44-օրյա պատերազմը, դրա հետ առնչվող և դրան հետևած գործընթացներն այս իշխանության կողմից լայնորեն օգտագործվելու է։ Ապօրինություններ են տեղի ունենալու նախապես նշանակված և, այսպես կոչված, մեղադրյալների նկատմամբ, և այս իրավիճակում ակնկալել, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից կամ այլ հարթակից կտեղեկացներ օբյեկտիվ քննության մասին՝ տրամաբանական չէ»,- հավելեց Տ. Աբրահամյանը։

 

Իսկ թե ի՞նչ կապ ունի դիրքեր չկահավորելը տարածքներ զիջելու հետ, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ սա կարող է հիմնական վարկածներից մեկը դիտարկվել, սակայն ակնհայտ է, որ իշխանությունը  պատերազմից հետո պետք է սահմանի ուղղությամբ վերլուծեր իրավիճակը, հաշվարկեր ռիսկերը, ֆիքսեր գլխավոր վտանգավոր ուղղությունները և թշնամու հավանական հարձակման ուղղությունները և դրան համարժեք ծավալուն աշխատանքներ իրականացներ։

«Հիմա մենք նոյեմբերի 9-ից հետո ունենք Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ, դրա արդյունքում՝ մեծ թվով սահմանամերձ դարձած բնակավայրեր, ինչը ենթադրում էր սահմանային անվտանգության ծավալուն աշխատանք։ Սակայն պատերազմի ավարտից մեկ տարի անց՝ նոյեմբերի 16-ին, նույն այդ ռիսկային ուղղություններով ունենում ենք թշնամու մխրճում ՀՀ սուվերեն տարածք։ Այսինքն՝ ակնհայտ է, որ 1 տարվա ընթացքում այն անհրաժեշտ աշխատանքը, որը պետք է տարվեր վերլուծությունից մինչև անհրաժեշտ աշխատանքներ՝ չի արվել»,- շեշտեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

Միաժամանակ Տիգրան Աբրահամյանն ընդգծեց, որ կա նաև առաջնահերթությունների խնդիր, սակայն այն որևէ ձևով չի իրականացվել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.