Lրագրողական անցյալ ունեցող` ՔՊ-ի մեր գործընկերների նախաձեռնած օրենքի նախագիծը խաթարելու է ՀՀ-ում խոսքի ազատության և տեղեկատվության հասանելիության իրավունքը. Լիլիթ Գալստյան

Վերջերս ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ԱԺ-ն ճանաչվել է տեղեկատվության ազատությանը սպառնացող և լրագրողների իրավունքները սահմանափակող պետական կառույց։ Այս մասին, անդրադառնալով ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ մտցնելու նախագծին, ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Ոչ տարօրինակ զուգադիպությամբ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացնող և լրագրողական անցյալ ունեցող մեր չորս գործընկերը հանդես են եկել նախաձեռնությամբ, որը, մեր և լրագրողական համայնքի կարծիքով, ռեպրեսիվ է և խաթարելու է ՀՀ-ում խոսքի ազատությունը, ինչպես նաև տեղեկատվության հասանելիության իրավունքը»,– ասաց նա։ 

Լիլիթ Գալստյանը նշեց, որ ԶԼՄ-ներին վերաբերող օրենքի նախագիծը դրվել է շրջանառության առանց շահառու լրատվական համայնքի հետ քննարկման։ «Երբ «Հայաստան» դաշինքն այստեղ քննարկում-լսում կազմակերպեց, օրինագծի նախաձեռնողները չբարեհաճեցին անգամ գալ այդ լսումներին և պատասխանել բազմաթիվ հարցերի»։

Անդրադառնալով նախագծի բուն էությանը` պատգամավորը շեշտեց. «Հեղինակները սահմանում են չնույնականացվող աղբյուր հասկացությունը և լրատվամիջոցներին հարկադրում բացահայտել տվյալ աղբյուրը, իսկ խախտելու դեպքում լրատվամիջոցի նկատմամբ սահմանում վարչական բարձր պատասխանատվություն։ Սա խնդրահարույց է թե՛ մարդու իրավունքների միջազգային պրակտիկայի, և թե՛ Սահմանադրության տեսակետից։ Աղբյուրի բացահայտումը լրագրողը կարող է և պարտավոր է անել միայն դատարանի որոշումով։ 

Խոսքի ազատության իրավունքը ներառում է նաև տեղեկություններ փնտրելու և գտնելու ազատություն է, մինչդեռ լրատվամիջոցի վրա մենք դնում ենք հետուզա-ԱԱԾ-ական պարտականություններ` իմաստազրկելով Սահմանադրության 42-րդ հոդվածից ածանցվող տեղեկություններ փնտրելու և ստանալու իրավունքի բուն էությունը»։ 

Լիլիթ Գալստյանն ընդգծեց, որ ազատ արտահայտվելու ցանկացած սահմանափակում պետք է հիմանվորվի, մինչդեռ նախագծի հիմնավորումներն առարկայազուրկ են և ոչ ժողովրդավարական, ուստի՝ «Հայաստան» դաշինքը դեմ է քվեարկելու նախագծին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.