Հիմա գնացեք Խաչփար համայնք ու տեսեք գյուղապետը ինչ ուղղորդումներ է կատարում, իշխանությունները որդեգրել են 90-ականների ձեռագիրը. Դավիթ Համբարձումյան (տեսանյութ)

Ես իմ քարոզչությունը չեմ կառուցել քաղաքական պայքարի վրա, խոշորացված համայնքի մեր հայրենակիցներին ներկայացրել եմ` ինչ ենք պատրաստվում անել առաջիկա տարիներին մեր թիմով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։

«Մեր անելիքները շատ- շատ են, ջրի որակի հարցը պետք է լուծենք, աղբավայրի փակման և գյուղական վայրերում ոռոգման ցանցերի հարցը պետք է լուծենք, որքան էլ Երևանին մոտ ենք գտնվում, այնուամենայնիվ տրանսպորտի հարց կա Մասիսում, այդ հարցը ևս պետք է լուծենք ե այլն»,-ասաց նա։

Հարցին` իրավական ինչ ընթացք են ունեցել այն ահազանգերը, որոնք հնչեցվել են իր գլխավորած դաշինքի կողմից, Համբարձումյանը պատասխանեց. «Մեկ-երկու դեպքով Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել  չարաշահումների վերաբերյալ մեր հնչեցրած ահազանգերի հետ կապված, թե ինչ փուլում են գտնվում, չեմ կարող պատասխանել։ Մենք երեկ գիշերը տեղեկություն ենք ստացել,  որ մի քանի համայնքներում սոցիալական աջակցություն են բաժանել, չգիտեմ որքանով է ճիշտ, որքանով սխալ, բայց  քաղաքացիներին օգնություններով և սոցիալական աջակցություններով չեն կարող գրավել։ Քաղաքացին շատ բան է տեսել ու այդ օգնություններով, կեղտոտ խաղերով, «կառուսելներ» կիրառելով չեմ կարծում, որ հաջողություներ կունենան»։

 

Համբարձումյանը չբացառեց, որ հնարավոր են կրկնաքվեարկության դեպքեր։

«Այն ձեռագիրը, որ օգտագործեցին ամբողջ քարոզչության ընթացքում, շատ հին, 90-ականների ձեռագիր էր։ Մարզպետարանը որոշակի զանգեր էր անում մարդկանց, մանկավարժական կոլեկտիվներին նույնպես զանգեր են արել, Մասիս քաղաքում երկու տնօրեններ կան, որոնք, ցավով եմ ասում, ակտիվ ներգրաված են եղել քարոզչությանը, ընդհուպ զանգահարել են աշակերտներին։ Թե ինչի համար են անում, դա թող իրենք մտածեն։ Իրենք իրենց հակասում են իրենց, երբ խոսում են այն մասին, որ ժողովուրդն է որոշում, բայց մարզային իշխանությունների միջոցով փորձում են իրենց հին 90-ականների մեթոդները կիրառել»,-ասաց նա։

Համբարձումյանը շեշտեց, որ իրեն մի քանի գյուղապետերի մասկացությամբ ուղղորդումների վերաբերյալ տեղեկություններ են հասել։

«Հիմա կխնդրեմ ձեզ գնալ Խաչփար համայնք և տեսնել այնտեղի գյուղապետը ինչով է զբաղված ու տեսեք ինչպես է ուղղորդում քաղաքացիներին»,-նշեց նա։

Դավիթ Համբարձումյանը անդրադարձավ այն հարցին, որ հեղափոխության օրերին ինքը և իր կողմնակիցները բռնություն էին կիրառել քաղաքացիների նկատմամբ։

«Ես բռնություն չեմ գործադրել որևէ մեկի նկատմամբ։ Երբ լրատվամիջոցները գրեցին, թե ես բռնություն եմ գործադրել Էրեբունի փողոցի վրա, ինձ այդ գործով ձերբակալեցին, հետո բաց թողեցին, ապա նորից կալանավորեցին, ինչից հետո Քննչական կոմիտեն Էրեբունի փողոցում տեղի ունեցած դեպքերի հետ կապված երկու հոդվածը հանեց իմ վրայից, որովհետև ես կապ չունեի այդ գործերի հետ, սա ի լուր աշխարհի եմ հայտարարում»,-ասաց թեկնածուն։

Լրագրողների այն հարցին` մտավախություն չունի՞, որ իր հաղթելու դեպքում կվերաբացեն այդ գործերը և իրեն կալանավորմամ որոշում կկայացվի, Համբարձումյանը պատասխանեց.«Որևէ մտավախություն չունեմ, եթե որոշեն ինձ կալանավորել կամ կփորձեն դա անել, ես պատրաստ եմ դրան»։

Ինչ վերաբերում է ընտրություններին իշխանությունների հետ գործարարի գնալուն, Համբարձումյանը նշեց.

«Ես կայուն մարդ եմ, Արարատի մարզպետը ինձ չի կարող գործարք առաջարկել, նա այսօր մարզպետ է, վաղը չգիտեմ որտեղ է լինելու, ես իր հետ միշտ նորմալ հարաբերությունների մեջ եմ եղել, ցավում եմ, որ մասնակցությում ունեցավ այս գործընթացներին»,- ասաց Մասիս խոշորացված համայնքի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.