Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն և սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում քաղաքացին կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Դատախազությունը:

«ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ Է.Գ-ն 2020թ. հունիսի 03-ի լույս գիշերը, նախապես ուսումնասիրելով Գ.Հ-ի առանձնատունը և տեղյակ լինելով, որ վերջինս բացակայում է տնից, շահադիտական դրդումներից ելնելով, դիտավորությամբ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով ապօրինի մուտք է գործել առանձնատուն և գաղտնի հափշտակել ոսկյա զարդեր ու արտարժույթ՝ պատճառելով Գ.Հ-ին խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր 945.981 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:
 

Բացի այդ, նույն Է.Գ-ն, 2021թ. փետրվար ամսվա սկզբներին, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ Հ.Ս-ի կողմից ժամանակավոր բնակեցվող առանձնատանն ականատես լինելով վերջինիս ու Ն.Բ-ի միջև ծագած վիճաբանությանը, որի ընթացքում Հ.Ս-ն իր մոտ ապօրինի պահվող` ռազմաթերք հանդիսացող «Ф-1» տեսակի մարտական նռնակը պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել, վերջինիս ձեռքից վերցրել է նշված նռնակը, առանձնացրել մարտական պայթուցիչն ու այն ապօրինի կերպով պահել իր մոտ: 2021թ. փետրվարի 17-ին, ժամը 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Է.Գ-ն ներկայացել է Հ.Ս.-ի ժամանակավոր բնակեցվող առանձնատուն և վիճաբանության մեջ մտնելով նրա հետ՝ դիտավորությամբ, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, իր մոտ պահվող խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացած վերքերից Հ.Ս-ն տեղում մահացել է: Այնուհետև, նախապես տեղյակ լինելով սպանվածի մոտ առկա նռնակի մասին, Է.Գ-ն մտել է առանձնատան առաջին հարկում գտնվող ննջասենյակ, այնտեղից հափշտակել վերջինիս պատկանող «Ф-1» տեսակի մարտական նռնակը և այն ապօրինի պահել իր տանը:

Նկարագրված արարքները կատարելու համար նախաքննական մարմնի կողմից Է.Գ-ն որպես մեղադրյալ է ներգրավվել և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով /Գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով/, ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով /Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/, ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով /Սպանությունը/, ԱՀ քրեական օրենսգրքի 248-րդ հոդվածի 1-ին մասով /Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը/ և ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործությունների կատարման համար:

Է.Գ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.