Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ երկրորդ անգամ գրավ է կիրառվել՝ 55 միլիոն դրամի չափով․ Ռոբերտ Սուքիասյանը կրկին ազատ արձակվեց․ Փաստինֆո

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ երկրորդ անգամ գրավ կիրառվեց՝ 55 մլն դրամի չափով։ Նա կրկին ազատ արձակվեց։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են դատարանից։  

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Սուքիասյանի խափանման միջոցի հարցը քննության առարկա է դարձրել պաշտպանի դիմումի հիման վրա։

Նշենք, որ նախաքննության ընթացքում Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի կողմից փոփոխվել էր և կիրառվել գրավ՝ 50 մլն դրամի չափով։

 

Դատախազությունը բողոքարկել էր Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը, սակայն, մինչ բողոքի քննությունը, քրեական գործով նախաքննությունն ավարտվել էր և գործն ուղարկվել է դատարան։ Գործը՝ դատաքննության նախապատրաստելիս դատավոր Կարեն Ֆարխոյանը, ում վարույթում այժմ գտնվում է քրեական գործը, քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողել անփոփոխ։

Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշումից հետո Վերաքննիչ քրեական դատարանը քննել է դեռևս նախաքննության ընթացքում Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը և բավարարել այն՝ կայացնելով Սուքիասյանին կալանավորելու որոշում, Սուքիասյանը կալանավորվել է։

Փաստաբանը դիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Սուքիասյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման նպատակով նիստ հրավիրելու վերաբերյալ։ Արդյունքում՝ դատարանը քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և որոշել նրա նկատմամբ նորից որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 55 մլն դրամի չափով։

Դատական հաջորդ նիստը կկայանա 2022թ հունվարի 19-ին, ժամը՝ 15.30-ին։

Հիշեցնենք, որ Սուքիասյանի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Հնչել էին կրակոցներ, որի հետևանքով կան նաև տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Սուքիասյանի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։

Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Սուքիասյանից բացի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս երեք անձ.Արման Ապինյանը, որը ևս մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, Սարգիս Աբգարյանը, որը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մեջ և Վարազդատ Գասպարյանը, որը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.