«5165» շարժումը փողոցային պայքարից տեղափոխվում է քաղաքական կոնսուլտացիաների հուն․ շարունակում ենք պահանջել Կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ․ հայտարարություն

«5165» շարժումը ՀՀ անվտանգությանը, տարածքային անվտանգությանն ուղղված սպառնալիքները և Արցախյան հիմնախնդրի հարցում հակահայկական քայլերի շարունակականությունը կանխելու նպատակով պահանջում է կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը՝ ներկայացնելով շարժման հայտարարությունը։

 

««5165» շարժման հանրային բողոքի գործողությունները հետևեցին Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի այն հայտարարությանը, որ պատրաստվում է ստորագրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մասին փաստաթուղթ»,-հիշեցրեց նա՝ նշելով, թե իրենց նախնական պահանջն էր բացահայտել այդ փաստաթղթի էությունը՝ ինչ քարտեզներ են հիմքում, որոնք են հայկական կողմի «կարմիր գծերը»։

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 26-ին Փաշինյանը Սոչիում ստորագրեց եռակողմ փաստաթուղթ, մինչդեռ խոսել էր հանձնաժողովի ստեղծման մասին։

 

«Ազգային կարևորագույն հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս իշխանության մյուս թևերին մասնակից չդարձնելը, ազգային անվտանգության հարցերում որոշումների ընդունումը մենաշնորհելը հակաիրավական է, հակասահմանադրական, հակաժողովրդական, հակազգային ու կործանարար, այս գործելակերպը վերջնականապես քանդում է ՀՀ-ում առանց այդ էլ խարխուլ պառլամենտարիզմը, անդառնալի հարված հասցնում սահմանադրականությանը, քանի որ իշխանության մյուս թևերը չեն իրականացնում վերահսկման ու հավասարակշռման իրենց գործառույթները»,-ներկայացրեց նա՝ հավելելով, թե պատրաստվում են հանդիպումներ իրականացնել բոլոր քաղաքական ուժերի, ՀԿ-ների հետ, որոնք համաձայն են Կառավարության հրաժարականի պահանջին։

Սողոմոնյանը հավելեց՝ «5165» շարժման փողոցային պայքարը այս պահին քաղաքական կոնսուլտացիաների հուն տեղափոխելու և հետագայում ավելի մեծ թափով վերսկսելու որոշումը պայմանավորված է նաև դրանով։

««Զարթոնք» կուսակցության, հասարակական-քաղաքական գործիչներ Սոֆյա Հովսեփյանի, Նաիրի Հոխիկյանի, Վազգեն Պետրոսյանի և այլոց կողմից նախաձեռնած Ազատագրական շարժման շուրջ համատեղ մեր քայլերը պայմանավորված էին մեր քաղաքական դաշտը և հանրությանը համախմբելու հրամայականով։ Մի քանի օր տևած հանրահավաքների ժամանակ համոզվել ենք, որ համախմբումն այլընտրանք չունի՝ հայոց պետականության գահավիժումը թույլ չտալու համար, բայցևայնպես, գործող իշխանությունների հեռացմանը հասնելու համար անհրաժեշտ է ավելի ընդգրկուն համախմբում»,-հայտարարեց Սողոմոնյանը։

Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն էլ հայտարարեց, թե Ազատագրական շարժման անդամների հետ խնդիրներ չեն ունեցել, պառակտում չկա:

«Իրենք ուզում են պահել հրապարակը, մենք մեկ շաբաթվա ընթացքում համոզվեցինք, որ մինչև համազգային համախմբում չլինի, մենք չենք կարող հասնել Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականին»,-ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.