«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի թույլ չտանք որևէ ողբերգական դեպք սահմանին և առհասարակ երկու երկրների, ժողովուրդների միջև». Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպմանը նշել է, որ իր, Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը եղել է օգտակար և ճիշտ ժամանակին, հայտնում է Կրեմլի կայքը

«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի թույլ չտանք որևէ ողբերգական դեպք սահմանին և առհասարակ երկու երկրների, ժողովուրդների միջև, որպեսզի առաջ գնանք: Դրանում բոլորն են հետաքրքրված, տարածաշրջանի բոլոր երկրները, և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Հուսով եմ, որ այն պայմանավորվածությունները, որը ձեռք են բերվել այսօր, առաջիկայում դրական առումով կզարգանան և ինչքան հնարավոր է արագ կիրագործվեն»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կրում են ռազմավարական, դաշնակցային բնույթ, ունեն խորը պատմական արմատներ։

«Մենք սա շատ ենք գնահատում և կանենք հնարավորը մեր շփումների այս մակարդակը պահպանելու համար»,-շարունակել է ՌԴ նախագահը:

Նա նշել է, որ տնտեսության մեջ Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ առևտրատնտեսական գործընկերն է, Հայաստանի տնտեսության ամենամեծ ներդրողը։

«Ճիշտ է, անցած տարվա ընթացքում առևտուրը փոքր-ինչ նվազել է, բայց այս տարի այն զարգանում է արագացված տեմպերով, և հուսով եմ, որ ոչ միայն կհասնենք նախահամավարակային մակարդակին, այլ ավելի առաջ կգնանք»,-ասել է նա։

Փաշինյանն, իր հերթին, ասել է, որ վերջին շրջանում բոլոր հանդիպումներում կողմերը մեծամասամբ քննարկում էին տարածաշրջանային օրակարգը, քանի որ փոխադարձ կախվածության շատ թեմաներ կան։

«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել Ձեր դերն ինչպես 44-օրյա պատերազմի դադարեցման, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման գործում։ Մեր տարածաշրջանում անվտանգության կայունացնող գործոնները շատ կարևոր են։ Այսօր Դուք բազմիցս ընդգծել եք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման կարևորությունը։ Այս հարցը միշտ քննարկվում է մեր երկկողմ հանդիպումներում»,-ասել է Փաշինյանն՝ անցում կատարելով տնտեսական հարցերին։

Նրա խոսքով՝ Հայաստանում 2021-ին ռուսական ներդրումների  ակտիվացում է նկատվում:

«2021 թվականին նկատվում է ռուսական ներդրումների որոշակի ակտիվացում Հայաստանում: Եվ սա մեզ համար շատ կարևոր է, քանի որ կարծում եմ, որ սա ազդանշան է ներդնողների համար, որ ՀՀ-ն շատ հուսալի երկիր է տարածաշրջանում և սա, իհարկե, շատ կարևոր է մեզ համար»,-ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ, ցավոք, կորոնավիրուսի հետ կապված տնտեսական դժվարությունները շարունակվում են: ԵԱՏՄ-ի շրջանակում գրանցվել է առևտրաշրջանառության ակտիվացում:

Փաշինյանը հույս է հայտնել, որ վերջիվերջո կհասնեն տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացման որոշմանը, որ միանշանակ կբերի առևտրատնտեսական կապերի ակտիվացման՝ ԵԱՏՄ շրջանակում և Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում:

Ի լրումն Պուտինը տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացման առնչությամբ ասել է, որ միանգամայն համակարծիք է Փաշինյանի հետ:

«Այս հաղորդակցությունները, տրանսպորտային ուղիները, որոնց մասին այսօր խոսեցինք եռակողմ ձևաչափով, չափազանց կարևոր են, և դրանք կարևոր են տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսությունների համար, որովհետև մենք շահագրգռված ենք ապահովելու, որ մեր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի հետ կապի այս ուղիները լինեն հուսալի, բազմակողմ և հեշտությամբ գործեն ամբողջ տարվա ընթացքում, ինչը ամենակարևորն է»,-ասել է Պուտինը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.